Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանում իրականացրած աշխատանքները բիզնես միջավայրում շուտով կտան իրենց արդյունքները:
Այսօր տեղի ունեցած գագաթաժողովին մասնակցում էին նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գարեգին Մելքոնյանի խոսքով, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո լայնածավալ աշխատանք պետք է իրականացվի, իսկ այս հարցում Հայաստանին կարող է աջակցել Եվրոպական բիզնես ասոցիացիան: «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Այն փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին ու առաջիկա 10 եւ ավելի տարիների համար լինելու է իրավապայմանագրային հիմք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացնելու առումով: Բացի այդ, տարբեր ոլորտներում հնարավոր կլինի բարեփոխումներ իրականացնել՝ վերցնելով եվրոպական փորձը»,-ասաց պարոն Մելքոնյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































