Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան հիշում եմ՝ սարիթաղցիներն ուզում էին իջնել ՊՊԾ գունդ կամ ուղղակի այդ ճանապարհն օգտագործել». վկա-ոստիկան

Դեկտեմբեր 25,2017 17:06

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ էր եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Այսօր որպես վկա ցուցմունք տվեց Ռաֆայել Մանուկյանը, որը հուլիսի 19-ին որպես ոստիկան ծառայություն է կատարել Սարի թաղում: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Պատմեց. «Ոստիկանները պատնեշ էին կազմել փողոցում, որ ոչ մեկը չիջնի ներքեւ, քանի որ հնարավոր էր՝ ՊՊԾ գնդի տարածքում հատուկ գործողություններ իրականացվեին: Դա նրա համար էր, որ մարդիկ հանկարծ չվնասվեին: Քաղաքացիները քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ: Հայհոյանքներ էին հնչում, բղավոցներ…Պահանջում էին ճանապարհը բացել, մենք էլ չէինք բացում, արդեն ասեցի, թե ինչու: Ոստիկաններից Արմեն Գալստյանը վնասվածք է ստացել գլխի շրջանում: Ասաց, որ իրեն քարով էին հարվածել: Մեկ ոստիկան էլ էր տուժել»:

Թե ինչու էին քաղաքացիները ցանկանում փողոցով ներքեւ իջնել, Ռաֆայել Մանուկյանն ասաց. «Որքան հիշում եմ՝ ուզում էին իջնել ՊՊԾ գունդ կամ ուղղակի այդ ճանապարհն օգտագործել»:

Վկա-ոստիկանը դատարանին նաեւ հայտնեց, որ դեպքի վայրում ոստիկանները քաղաքացիների հանդեպ բռնություն չեն կիրառել, հայհոյանքներ չեն հնչեցրել: Նաեւ նշեց, որ կրակոցներ լսել է. «Դրանք ամենայն հավանականությամբ ոչ թե միջադեպի վայրում են հնչել, այլ ՊՊԾ գնդի տարածքից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031