Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կկայանա բրիտանական և հայկական վոկալ երաժշտության համերգ: Ամանորի և Սուրբ ծննդյան նախօրեին կհնչի ջերմություն և սեր ճառագող սիրերգերի փունջ: Համերգի մուտքն ազատ է:
Համերգը շարունակությունն է սույն թ. սեպտեմբերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած «Բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ» համերգ-նախագծի, որը կայացավ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ և նվիրված էր Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Ներկայացնում ենք զրույց համերգների կազմակերպիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինայի հետ:

– Այս երաժշտական կամուրջը իրականություն դարձավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան, նորին մեծության դեսպան տիկին Ֆարնուորթի անգնահատելի աջակցությամբ` դառնալով հայկական և բրիտանական մշակույթը կապող նոր գեղեցիկ ձեռնարկների հիմք, որի հաջորդ կանգառն արդեն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայանալիք համերգն է:
Կամրջի հիմքում ընկած են իմ լոնդոնյան ուսումնառության տարիները: Լոնդոնում ուսանելիս բրիտանացի երաժիշտների ուժերով կազմակերպել եմ հայ երաժշտության տարբեր համերգներ` բրիտանացի, ինչպեսև օտարազգի հանդիսատեսին ներկայացնելով հայ երաժշտության և պոեզիայի գեղեցկությունը: Բրիտանացի երաժիշտները հետաքրքրություն դրսևորեցին հայ երաժշտության և մշակույթի հանդեպ: Նրանցից երկուսը նոր ստեղծագործություններ գրեցին հայ պոեզիայի հիման վրա:
Շնորհիվ այս նախագծի` բրիտանացի տաղանդավոր կոմպոզիտորներ Ջոնաթան Վուլգարն ու Ջեյմս Մորիարթին, որոնց հետ կոմպոզիցիա եմ ուսանել Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում, Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծություններից ծաղկաքաղ անելով (Դայանա Տեր-Հովհաննիսյանի անգլերեն հրաշալի թարգմանությամբ)` տպավորիչ վոկալ ստեղծագործություններ գրեցին, որոնք առաջին անգամ հնչեցին Կոմիտասի թանգարան- ինստիտուտում` հայ երգիչների` սոպրանո Սոֆյա Սայադյանի և տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանի փառահեղ կատարմամբ: Կոմպոզիտորները ժամանեցին Հայաստան՝ հատուկ այդ համերգին ներկա գտնվելու համար և համերգի ավարտին Կոմիտաս կատարեցին հայ երգիչների հետ մեկտեղ:

– Բացի բրիտանացի ժամանակակից կոմպոզիտորների երկերից, ի՞նչ ստեղծագործություններ են հնչելու առաջիկա համերգին:
– Համերգին Պերճ Քարազյանի կատարմամբ կհնչի Բենջամին Բրիտտենի` բրիտանական ժողովրդական երգերի, ինչպեսև Կոմիտասի` հայ ժողովրդական երգերի մշակումների փունջ` բոլորն էլ սիրերգեր: Նշեմ, որ 1965 թ. Բրիտտենն այցելել է Հայաստան և ավելի քան 3 շաբաթ իջևանել և ստեղծագործել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Նույն թ. օգոստոսի 28-ին Երևանում կայացել է Բրիտտենի ստեղծագործություններին նվիրված փառատոնի բացումը, որին Բրիտտենն անձամբ ներկա է եղել:
Համերգին կհնչի նաև Ջեյմս Մորիարթիի և իմ համատեղ ստեղծագործությունը` ըստ Ջորջ Բայրոնի սիրային չքնաղ բանաստեղծության: Ինչպես հայտնի է` Բայրոնը 1816-17 թթ. այցելել և մի քանի ամիս ապրել է Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում, որտեղ ուսումնասիրել է հայոց պատմությունն ու լեզուն` գրելով` «Հայերենը Աստծո հետ խոսելու լեզուն է»:
Այս համերգը միտված է աշխույժ պահել բրիտանական և հայկական մշակութային կամուրջը, և հուսով ենք` առաջիկայում ևս կլինեն այլ բրիտանական և հայկական համերգներ, ինչպեսև հայ և այլ երկրների մշակույթները կամրջող նոր նախաձեռնություններ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2017



















































