Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Հիմա ես սիրով կանդամակցեմ Ժուռնալիստների Միությանը

Դեկտեմբեր 28,2017 20:00

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

-Այսօր տեղի ունեցավ Ժուռնալիստների միության համագումարը, եւ Միության  նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ համագումարն անցավ ոչ այնքան կոռեկտ մթնոլորտում։

– Միանգամայն ենթադրելի էր, որ Ժուռնալիստների միության համագումարը պիտի անցներ հենց նման մթնոլորտում, որովհետեւ, եթե ինչ-որ մեկը փորձում է խախտել տարիների ճահճային անդորրը, դա մշտապես առաջացնում է կատաղի դիմադրություն։ Մեկ բան հստակ է՝ միայն այն, որ այդ միությանը որեւէ գործող լրագրող չի անդամակցում, դա արդեն հստակ գնահատական է այդ կառույցին։

Երբ ես երկար տարիներ զբաղվում էի ակտիվ լրագրությամբ, եւ վստահաբար, լրագրողական իմ ոճը Ժուռնալիստների միության ճաշակով չէր, այդ  ժամանակ եւս, մեզանից որեւէ մեկի մտքով՝ ո՛չ իմ, ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Աննա Իսրայելյանի, ո՛չ Արմինե Օհանյանի եւ ընդհանրապես՝ լրագրողական օրակարգ ձեւավորվող որեւէ լրագրողի մտքով անգամ չէր անցնում անդամակցել այդ կառույցին։

– Կարծում եք հիմա Ժուռնալիստների միությունում լուրջ փոփոխություննե՞ր կլինեն։

– Վստահ եմ, որ կլինեն։ Չեն կարող չլինել։ Ավելին, այդ կառույցը պետք է հիմնահատակ քանդել եւ հիմքից կառուցել՝ ներգրավելով գործող, ակտիվ լրագրողների, ովքեր ժամանակի զարկերակը զգում են եւ կարող եւ լուրջ ու հետաքրքիր օրակարգ ձեւավորել։ Ես ինքս, որպես նախկին լրագրող,  հիմա արդեն մեծ սիրով կանդամակցեմ Ժուռնալիստների Միությանը, որովհետեւ մի քանի գաղափար ունեմ, որ շատ կուզենայի քննարկել իմ գործընկեր լրագրողների հետ եւ լսել նրանց մասնագիտական կարծիքը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031