ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Այս օրենքում փոփոխությունները կատարվում են նախ Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված: Բացի այդ, ինչպես ներկայացրեց հարցի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, օրենքի ընդունմամբ հստակեցվում են մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումները: Նա մանրամասնեց`նախագծով նախատեսվում է բարելավել ՀՀ-ում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով ՀՀ-ից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը: Նաեւ` քրեական պատժի սպառնալիքի միջոցով կբացառվի եվգենիական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: «Եվգենիական փորձերը արգելված են աշխարհով մեկ, և որոշակի պատժամիջոցներ են սահմանվել հարակից օրենքներում»,- ասաց փոխնախարարը:

Նախագծով կարգավորվում է նաեւ արյան ծառայության ստեղծման կարգը: Փոխնախարարը նշեց`արյան պաշարների հավաքագրման հետ մշտապես խնդիրներ է եղել, այս փոփոխություններով սահմանվում է, որ բոլոր հաստատությունները, որոնք ունեն լիցենզավորում, պարտավոր են պետական պաշարների ձեւավորման մեջ դեր ունենալ:

Սերգեյ Խաչատրյանը մանրամասնեց`անունը փոխելով այդ կառույցի գործառույթները չենք նվազեցնում: Ավելին՝ նախատեսվում է փոխպատվաստումային բժշկության զարգացում, հետեւաբար, նաեւ գործառույթների ավելացում: Օրգանների փոխպատվաստման մասով էլ Սերգեյ Խաչատրյանն ասաց`արտահանման պաշտոնական տվյալները զրո են, իսկ երկրի ներսում, տարեկան 10-15 փոխպատվաստում է տեղի ունենում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշեց, որ արյան հավաքագրման դժվարություններ ունենք. «Պրակտիկան ցույց է տվել, որ երբ կարիքը կա, մեր հասարակությունը հերթ է կանգնում արյուն տալու համար, իսկ ոչ արտակարգ իրավիճակում արյուն հավաքագրելու խնդիր ունենք: Մեր խնդիրն է, որ այս հարցի շուրջ համաշխարհային պրակտիկայի հարուստ փորձերը վերցնենք և տեղայնացնենք այստեղ` արյան դոնորությունը խթանելու համար: Այսօր շատ ցածր է անշահույթ կերպով արյան դոնորների քանակը` ընդամենը 30%, մնացածը շահույթով են արյուն տալիս»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































