Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» պաշտպանը կասկած ունի՝ զենքերը մինչեւ դատարան հասնելը փոփոխվել են

Հունվար 19,2018 13:32

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր շարունակվեց ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ռ. Պողոսյանի հարցաքննությունը:

Նա փորձագիտական եզրակացություն է տվել Սեֆիլյանի ենթադրյալ «զինված խմբի» անդամներից գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանի մոտից հայտնաբերված երկու ինքնաձիգերի եւ 120 փամփուշտների վերաբերյալ, իսկ պաշտպանական կողմը կասկածներ ունի, որ դատաձգաբանական փորձաքննությունն արվել է խախտումներով:

Ամբաստանյալներից Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը հարցրեց.

-Եթե հիմա ձեզ ներկայացվեին այդ ինքնաձիգերը, կարո՞ղ էիք հասկանալ, որ դրանց բաղկացուցիչ մասերը հենց այն մասերն են, որոնք ներկայացվել եւ հետազոտվել են դատարանում:

-Այո, քանի որ հիմնական մասերի վրա կան արտադրության համարներ: Մյուս դետալները փոփոխվող են եւ կրակման մեխանիզմի հետ կապ չունեն:

-Ինչպե՞ս համոզվենք, որ այդ ինքնաձիգերը դատարան են հասել առանց փոփոխության:

-Եզրակացության մեջ կան լուսանկարներ, դրանում նշված են նաեւ հիմնական դետալների սերիական համարները:

-Իսկ ինչո՞ւ չեք նկարել նաեւ դետալներն առանձին-առանձին:

-Հնարավոր չէր բոլորը լուսանկարել:

-Մենք չենք կարող վստահ լինել, որ լուսանկարում առկա ինքնաձիգերը հենց այն ինքնաձիգերն են, որոնք ներկայացվել են դատարանում: Ձեզ մոտ դրանք կարող էին փոփոխվել: Ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկել, որպեսզի ձեր եզրակացությունը բացառեր ինքնաձիգերի փոփոխելիությունը: Նման խախտումները պետք է հետագայում բացառվեն:

Այս հարցը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից հանվեց: Այնուհետեւ Գեորգի Մելիքյանը հետաքրքրվեց.

-Իմ պաշտպանյալ Հրայր Թոփչյանը դատարանում ասաց՝ դրանք այն փամփուշտները չեն, որոնք հայտնաբերվել են իր մոտ: Ինչպե՞ս համոզվենք:

-Փամփուշտները եւս անհատականացված տվյալներ ունեն:

-Փամփուշտի պիտանելիությունը միայն այն կրակելո՞վ է հնարավոր պարզել:

-Հիմնական մեթոդը դա է: Եթե հնարավոր չէ այն կրակել, փամփուշտն ապամոնտաժում են եւ ըստ մասերի ստուգում: Ես բոլոր փամփուշտները չեմ կրակել, քանի որ հնարավոր էր՝ հետագայում կրկնակի փորձաքննություն նշանակվեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031