Հատկապես վերջին շրջանում, բուռն խոսակցությունների առիթ է հանդիսացել մշակույթի ոլորտում կոչումների շնորհումը, որոշ արվեստագետների դեպքում էլ՝ կոչումի հետ մեկտեղ բնակարան նվիրելը:
Երբ 2017թ. Սյուզի Փիրումյանը, որը ավելի քան 15 տարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի է, արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման եւ պետության կողմից բնակարան ստացավ, այդ թեմայով ավելի քիչ խոսվեց, քան այն մասին, որ արվեստագետը Արաբական Միացյալ Էմիրություններում ներկա է գտնվել Ջենիֆեր Լոպեսի շոուին, որի տոմսը նվեր էր ստացել:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սյուզի Փիրումյանը հավաստիացրեց, որ ամուսինը խաղարկության ժամանակ էր շահել տոմսը եւ միասին երեք անմոռանալի ու հագեցած օրեր են ապրել Դուբայում: Հավելեց նաեւ, թե արվեստում երբեք կուռք չի ունեցել, բայց մեկուկես ժամ տեւողությամբ նման շոուի հանդիսատես լինելը հեքիաթի էր նման: Շարունակելով «հեքիաթի» թեման, մեր զրուցակիցն ասաց, որ անցյալ տարի ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը (ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի արվեստանոց)՝ որպես բալետմայստեր եւ Ավետ Տերտերյանի ու Էդգար Հովհաննիսյանի երաժշտությունների համադրմամբ դիպլոմային աշխատանք ներկայացրել Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: «Բեմադրել ենք ես ու գործընկերս՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սեւակ Ավետիսյանը. «Անահիտը» երկուսիս դիպլոմային աշխատանքն էր: Իրականացրել ենք մեր թատրոնի արտիստների մասնակցությամբ, գլխավոր՝ Անահիտի եւ Վաչագանի դերապարերով էլ հանդես եկանք ես ու Սեւակը»,- ասաց արվեստագետը: Հետո էլ հավաստիացրեց, թե թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանն ու գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն առաջարկել են «Անահիտը» ընդգրկել թատրոնի խաղացանկ:
«Այդ ժամանակահատվածում ես ու Սեւակն այնքան էինք սպառվել, որ միանգամից չարձագանքեցինք: Մյուս կողմից էլ՝ առաջին քննադատները լինելով մեր արվեստի հանդեպ, գուցե վերանայենք ու հավանաբար որոշ փոփոխություններ կատարենք»,- հավելեց պարուհին:

Դիտարկմանը՝ վաղուց մեզանում «ավանդույթ» է դարձել, որ երեխաները ժառանգում են ծնողների մասնագիտությունը, Սյուզի Փիրումյանը «արդարացավ». «Տղաս՝ Ալեքսը, ուսանում է Երեւանի պարարվեստի քոլեջում: Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ մեծացել է կուլիսներում: Դուստրս՝ Անին, դեռ փոքր է, բայց արդեն լուսանկարչի խորհրդով ինձ հետ մասնակցել է ֆոտոսեսիաների…»:
Գլխավոր լուսանկարում` Սյուզի Փիրումյանը դստեր հետ:
«Առավոտ»
19.01.2018






















































