Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Զեկույցներով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի տեղակալները, ովքեր, ըստ համապատասխան ուղղությունների, ներկայացրել են 2017 թվականի ընթացքում իրականացված միջոցառումներն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը չափազանց կարևորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Հիմնադրամ, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերում հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին: Լուծվել է նաև զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը:
Վիգեն Սարգսյանը խոսել է նաև առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:
Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարին առանձնացել է ռազմակրթությանը վերաբերող բարեփոխումներով, որոնց մեկնարկը տրվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` նոր ու գերժամանակակից պայմաններով ուսումնական համալիր տեղափոխությամբ: Առաջիկայում կվերակառուցվի և կվերազինվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:
Նախարար Սարգսյանը նիստի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի:
Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոդրոշներ է հանձնել լավագույն զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներին: Գերատեսչական մեդալներով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվել են նաև բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք սպաներ:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

















































