Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով մեկնարկել են Շնող ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 76 ՄՎտ նախնական դրվածքային հզորությամբ, որն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:
Տրամադրվել են 10 ՄՎտ ընդհանուր հզորության 11 փոքր արևային ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաներ. դրանք պիլոտային ծրագրեր են, որից 3-ն արդեն կառուցված է, մնացածը առաջիկա 1-2 տարում շահագործման կհանձնվի: Հայտարարվել է Մասրիկ-1 արևային կայանի (դրվածքային հզորությունը` 55 ՄՎտ) կառուցման մրցույթը, որի նախաորակավորման փուլն անցել է միջազգային հեղինակություն և փորձ ունեցող 10 ընկերություն: Մրցույթը կշարունակվի 2018 թ., կընտրվի հիմնական կապալառու, և նախարարության հաշվարկներով՝ 2019 թ. արդեն ավարտուն Մասրիկ-1 կայանը կհանձնվի շահագործման:
Առանց լիցենզավորման արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման խթանումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ թույլատրելի հզորությունը 150 ՄՎտ-ից հասցվել է 500 ՄՎտ-ի: Այս պահին արդեն տեղադրված է 243 արևային կայան՝ 2.8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: 2017 թ. տրամադրվել են 36 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 69 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն առաջիկա 2-3 տարիներին: Առնվազն առաջիկա 2 տարում 10 ՄՎտ կհասնեն զուտ փոխհոսքերի սկզբունքով աշխատող արևային կայանները: Բացի դրանից, արդեն առաջիկա տարիներին ներքին սպառման կառուցվածքում հիդրո- և արևային կայաններից արտադրվող հոսանքի տեսակարար կշիռը կհասցվի մոտավորապես 50 տոկոսի:
Նախարարի խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի ծավալի, գազի ծախսի կրճատումն է մոտավորապես 20 տոկոսով. պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով կառավարության որոշմամբ իտալական «Ռենկո» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, և սկսվել են Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքները: Ֆինանսավորումը կատարում է Միջազգային ֆինանսական կորպորացիան: Նախատեսվում է, որ ՕԳԳ-ն կհասնի 53 տոկոսի, ինչն ընդհանուր միջին հաշվեկշռով կնվազեցնի գազի ծախսը գազային կայաններում: Բացի այդ, այս տարի կմեկնարկի ամերիկյան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հետ անցած տարի ստորագրված համաձայնագիրը. գտնվել են ֆինանսավորման աղբյուրները, և այս տարի հունիսին կմեկնարկի Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որի արդյունքում Երևանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն կբարձրանա 1.3 տոկոսով, և 7 ՄՎտ-ով կավելանա արտադրական ներուժը: Այս երկու միջոցառման շնորհիվ Հայաստանը կկարողանա առաջիկա 2-3 տարում 20 տոկոսով իջեցնել գազի ծախսը գազային կայաններում:
2017 թ. հաջողությամբ իրականացվել է 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ֆինանսավորմամբ սկսած ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիրը, պահպանվել են ծրագրային բոլոր ցուցանիշները և ժամկետները:
Կառավարության կողմից հաստատվել, Ազգային ժողով են ուղարկվել ու այժմ այնտեղ քննարկվում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կնպաստեն շուկայի ազատականացմանը:
2017 թ. վերսկսվել և ամբողջ թափով իրականացվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: 2018 թ. համար բերվել են հիմնական սարքավորումները, նախատեսվում է մարտ ամսից սկսել այս տարվա աշխատանքները, իսկ օդային գիծն ավարտի հասցնել 2019 թ.:
2017 թ. դեկտեմբերի 18-ին համաձայնություն է ձեռք բերվել Գերմանական զարգացման KfW բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է մինչև 2018 թ. մարտ հայտարարել մրցույթը և մայիս-հունիս ամիսներին ունենալ հիմնական կապալառուին: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով գծի երկարությունը՝ Հայաստան-Վրաստան գիծը ևս ավարտուն տեսքի կբերվի Հայաստան-Իրան գծի հետ համատեղ՝ 2019 թ. ավարտին:
2017 թ. արձանագրվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում արտահանման ծավալների աննախադեպ աճ՝ դեպի Վրաստան և Իրան: 2017 թ. Հայաստանը դարձել է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և հայտ է ներկայացրել առաջիկա 1-2 տարվա համար էներգետիկ խարտիայում ևս նախագահող երկիր դառնալու համար: Հայտը գտնվում է քննարկման փուլում:
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներն են տեխնիկական քաղաքականությունը, ՀՀ էներգետիկ համակարգում գլխավոր ինժեների գործառույթի ներդրումը, որը կներառի բոլոր տեսակի վթարների քննարկումը և վթարների կանխարգելման ծրագրերի մշակումը: Հանձնաժողովի խնդիրն է նաև՝ կենտրոնացնել աշուն-ձմեռ մաքսիմումի անցման նախապատրաստական աշխատանքները մեկ միասնական օղակում և վերահսկել՝ միաժամանակ սահմանելով դրանց չափորոշիչները, ծավալները և գրաֆիկները: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնիկական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հարցին՝ նախարար Մանուկյանը ներկայացրել է պատասխանատու ընդերքօգտագործման և հաշվետու հանքարդյունաբերության առումով կատարված աշխատանքները: Այս նպատակով նախարարության երեք ստորաբաժանում միավորվել է մեկ միասնական՝ Ընդերքի գործակալության մեջ, և ընդերքօգտագործողներն այժմ օգտվում են մեկ պատուհանի սկզբունքից: 2017 թ. Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, որով Հայաստանը ոլորտում թափանցիկություն ապահովելու մի շարք պարտավորություններ է ստանձնել: «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր անձնագրերը (շուրջ 2 մլն էջ), ինչպես նաև երկրաբանական ամբողջ տեղեկատվությունը թվայնացվել է, ամբողջությամբ տեղադրվել և հասանելի է www.geo-fund.am կայքում:
Կառավարությունը հաստատել է և ԱԺ է ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը 3 հիմնական սկզբունք է արձանագրում.
– ընդերքի մասին օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությամբ ընդերքօգտագործողը պարտավորություն է ստանձնում ընդերքից արդյունահանված ամբողջ ծավալները ներկայացնել հանրությանն էլեկտրոնային տարբերակով:
-Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ պետական լիազոր մարմինները պարտավորություն են ստանձնում՝ համապարփակ տեղեկատվություն հրապարակել համապատասխան էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջեներ ընդերքօգտագործողների և հանքարդյունահանողների մուծած և վճարած բոլոր մասհանումների և գումարների մասին: Դրանով ֆինանսական բոլոր հոսքերը վերահսկելի կլինեն հանրության կողմից:
-Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությամբ պատասխանատվություն և պատիժ է նախատեսվում թե´ լիազոր պետական կառավարման մարմնի, թե´ ընդերքօգտագործողի համար՝ այս պարտավորությունները չկատարելու պարագայում: Նախատեսվում է, որ մինչև մարտի 1-ը Ընդերքի գործակալությունը կներկայացնի իր զարգացման հայեցակարգը:

Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ 2017 թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ 6.1 տոկոս, սպառման աճ՝ 4.1 տոկոս, արտահանման աճ՝ 17. 1 տոկոս, իսկ գազի ոլորտում՝ 6.52 տոկոս ներմուծման աճ Ռուսաստանից, 4.86 տոկոս աճ՝ Իրանից և 17.1 տոկոս արտահանման աճ: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ փոխհոսքերի շարունակական ավելացումը և տարածաշրջանային էներգետիկ հաբի ձևավորումը: «Մենք տարածաշրջանում իրականում շատ լավ շանս ունենք: Եթե մենք ճկուն վարվենք, շատ հետաքրքիր տարածաշրջան է իր բոլոր բարդություններով՝ հարևան Իրան, Իրաք, Թուրքմենստան Վրաստան՝ իր հարակից տարածքներով: Մինչև 2020 թվականը մենք այս հարթակում պետք է ունենանք 1-2 խոշոր ռեգիոնալ խաղացող», – ասել է կառավարության ղեկավարը՝անհրաժեշտ համարելով համապատասխան կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաև այլընտրանքային՝ արևային, քամու և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման շրջանակում պատրաստվել է «Կարկառ երկրաջերմային էլեկտրակայանի նախնական ինքնարժեքի հաշվարկը» հաշվետվությունը և հաշվետվության եզրակացության հայերեն թարգմանությունը: Ներկայում դիտարկվում է ՀՀ-ում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման տարբերակը՝ «Ջերմաղբյուր» և «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ: 2017 թ. իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցում. ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը:
Նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը զեկուցել է հանքարդյունահանման ոլորտում իրավիճակի մասին. 2017 թ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 26 թույլտվություն՝ 25 ոչ մետաղական օգտակար հանածոների, 1՝ հանքային ջրերի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար՝ 24 թույլտվություն՝ 10 մետաղական օգտակար հանածոների երևակումների և 14 ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների, երկրաբանական ուսումնասիրության 1 համաձայնություն, նավթի և գազի ուսումնասիրության 2 արտոնագիր, հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 2 լիցենզիա:
Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































