Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանի նախագիծը՝ հօգուտ լրագրողների, ընդունվեց միաձայն (Տեսանյութ)

Հունվար 31,2018 18:00

Վարչական դատարաններում սովորաբար նիստի ընթացքում տեսանկարահանելու կամ լուսանկարելու համար լրագրողները ստիպված էին լինում կողմերից մեկին խնդրել, որ միջնորդություն ներկայացնի դատարանին, ըստ օրենքի: Երբ լրագրողը խնդրում էր այս կամ այն կողմին, մյուս կողմն ասում էր՝ «դու նրա մարդն ես», հետեւաբար սա կաշկանդում էր լրագրողին:

Այսօր Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նոր նախագիծ ներկայացրեց, որը կկարգավորի այդ խնդիրը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում այլ կարգավորումներ են, չի պահանջվում միջնորդություն եւ հաշվի առնելով, որ Վարչական դատարանում մի կողմը քաղաքացին է, մյուս կողմը պետական մարմինը, փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, որ լրագրողը պիտի անպայման ունենա կողմերից մեկի միջնորդությունը, ոչ թե համաձայնությունը, որ հավասար պայման է ապահովում. «Ինքը պիտի գնա, խնդրի այս կամ այն կողմին, իր լուսաբանման համար դատարանում միջնորդություն ներկայացնի, դա լրագրողի անաչառության հետ կապված որոշակի խնդիրներ կարող է հարուցել»:

Հիմա առաջարկվում է, որ միջնորդության փոխարեն լրագրողները կարողանան նիստը լուսանկարել, տեսանկարահանել՝ կողմերի համաձայնությամբ, գործը քննող դատավորի թույլտվությամբ:

Բայց ուշագրավ է, որ Վարչական դատարանում եթե վարչական մարմինը չի տալիս իր համաձայնությունը տեսա կամ լուսանկարահանմանը, նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել, թե ինչու համաձայն չէ: Սա մյուս փոփոխությունն է, որ առաջարկում է ընդունել Արփինե Հովհաննիսյանը: Բանն այն է, որ պրակտիկայում լրագրողները Վարչական դատարանում երբեմն լսում են այնպիսի հիմնավորումներ պետական մարմնի ներկայացուցիչներից, որ տարակուսանք է առաջացնում, օրինակ, նիստերից մեկի ժամանակ, որը վերաբերում էր երթ կազմակերպած քաղաքացիական ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկելուն, ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ չի ուզում իրեն նկարեն, որովհետեւ հետո այդ նկարները «գցում են ֆեյսբուք ու սկսում են քննարկել»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դատարանն ինքն է որոշում կայացնում՝ թույլատրե՞լ, թե՞ ոչ. «Վարչական մարմինը, որը պետական մարմին է, մի փոքր ավելի խիստ պետք է պարտականություն ունենա հիմնավորելու իր անհամաձայնությունը: Քրեական դատավարության օրենսգրքում մեղադրյալը կարող է իր անհամաձայնությունը հայտնել եւ վերջ, Քաղաքացիական դատարանում նույնպես, բայց պետական մարմինը վարչական դատարանում պարտավոր է ողջամիտ հիմնավորում ներկայացնել դատարանին, թե ի՞նչ շահից ելնելով ինքը չի ուզում, որ տեսալուսանկարահանում տեղի ունենա»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց առաջարկը, նա իր պրակտիկայից օրինակներ պատմեց, թե ինչ հիմքով են դատավարության կողմերը մերժել տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը, եղել է դեպք, երբ ասել են՝ «էսօր պրիչոսկաս լավը չի, մի նկարեք»:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն արձանագրեց, որ սա ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու քայլ առաջ է:

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031