Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու

Հունվար 31,2018 20:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ  տեղեկացրեցին, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։

Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։

Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին «Medialab.am»-ի խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Այս դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունը հայտնի է, և նույնիսկ եթե այն կեղծ լինի, իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու անձի ինքնությունը եւ հայտնաբերելու նրան։

Հաշվի առնելով, որ.

  • սպառնացողը որպես խմբագրությանը սպասվող վտանգի օրինակ է բերել իսլամական ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկված և 10 զոհ տված «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի կրած ողբերգությունը,
  • վտանգն իրական համարելով՝ Մարիաննա Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին,

մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

  • ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար
  • ՀՀ ոստիկանությունից՝ մինչ վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: