«Ղարաբաղյան շարժումն իմ գիտակից կյանքի ամենահիմնական մասն է զբաղեցրել: Ես չգիտեմ՝ այդտեղի հաղթանակների՞ն եմ ավելի շատ ուրախացել, թե՞ երեխաներիս ծնունդին: Շարժումն իմ ընտանիքի մի մասն է, ես իսկապես սիրում եմ այդ շարժումը: Երբ այդ թեմայով խոսում եմ, ես ավելի երիտասարդանում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանն այն ժամանակվա մթնոլորտն այսպես նկարագրեց. «Այն ժամանակ կար գրականություն, հայոց պատմության մասին գրքեր, որոնք կարդում էինք, որոնցով մտածում էինք, հիանում էինք: Հա, ինչ-որ Սովետական պետության մի մասնիկն էինք, բայց չունեինք ինքնուրույն արտգործնախարարություն, ինքնուրույն երկրի ղեկավար, այդ ամեն ինչը ենթարկվում էր Մոսկվային, գիտեինք, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, եղեռնին գալիս էինք ու մեր պարտքն էինք համարում պարտադիր այդտեղ ներկա լինել, հարգել հիշատակը, դրանով մեր մեջ բողոք ունեինք, ու պարզվեց, որ այդ բողոքը կարող ենք արտահայտել ու այդ բողոքի համար փողոց դուրս գալ՝ աննկարագրելի ազատության զգացողություն կար, վախի իսպառ վերացում: Կար կյանքը սեփական հայրենիքին նվիրելու ցանկություն ու մղում, ինչի բազմաթիվ օրինակները մենք տեսանք արցախյան պատերազմի ժամանակ՝ 6000 զոհը, 11 հազար վիրավորը մեր ազգի սերուցքն էր, որն ապահովեց այսօրվա Հայաստանը եւ ում շնորհիվ է, որ մենք այսօր որոշակի առումով ճակատներս բաց հարեւանի հանդեպ արժանապատվություն ունեցողի կեցվածք ունենք, կարողացել ենք ինքներս մեզ պաշտպանել ու մեր եղածին տեր կանգնել»:
Արամ Սարգսյանն ասաց, որ ՀՀՇ-ի անդամ չի եղել, բայց մասնիկն է եղել, շարժվել է իրենց հրահանգներով, համարում է, որ իրենք շատ լուրջ գործ են արել եւ լուրջ ավանդ ունեն երկրի կայացման գործընթացում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































