ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին:
Արա Բաբլոյանը, ողջունելով ասոցիացիայի անդամներին, բարձր է գնահատել է կանանց գործունեությունը պետական կառույցներում, ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ կինը, հայ մայրն անուրանալի դեր ունի հայկական ավանդական ընտանիքի պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են մեր հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը եւ գնահատմանը:
Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը, տղամարդու եւ կնոջ իրավահավասարության մասին պատկերացումները:
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ այս հարցերում գործնական փոփոխությունների կարիք կա. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես քաղաքակիրթ դիմագիծ ունեցող երկիր:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Խորհրդարանականների հետ հանդիպմանը ներկաները մտահոգիչ հարցեր են հնչեցրել նաեւ գյուղական դպրոցներում մասնագետների պակասի, ուսուցիչների արդարացի ընտրության վերաբերյալ:
Մտքերի փոխանակման արդյունքում պատգամավորները փաստել են, որ ներկայացված խնդիրների մի մասն առաջիկայում կկարգավորվի օրենսդրությամբ, իսկ մյուս մասի պարագայում էլ կլինի խորհրդարանական վերահսկողություն:
Կարեւորելով օրենսդիրների հետ հանդիպումները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերին ապագայում կտրվեն դրական լուծումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































