2006 թվականից մեկնարկած Ստեփանակերտի Աստվածամոր սբ. Հովանի տաճարի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: 12 տարի տևող շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը, իսկ եկեղեցու օծումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին: Այժմ շինաշխատանքները շարունակվում են եկեղեցու գմբեթի և զանգակատան տանիքի կառուցման վրա: Եկեղեցին ունենալու է 35 մետր բարձրություն:
Aravot.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ասաց, որ եկեղեցու կառուցման համար բացի խոշոր նվիրատուներից, իր մասնակցությունն է ունենում նաև ժողովուրդը. «Նվիրատվություն են կատարում խոշոր բարերարներից մինչև թոշակառու տատիկներ, արցախցիներ և ոչ արցախցիներ. մի տեսակ համաժողովրդական է»:
Նրա խոսքով եկեղեցին իր ճարտարապետական ոճով հիշեցնում է Զվարթնոցի տաճարը, մի քիչ էլ Հռիփսիմե եկեղեցին` կարծես թե լինելով երկուսի ձուլումը:
Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ Ստեփանակերտը ունեցել է ավելի վաղ ժամանակներում կառուցված եկեղեցի. «Ներկայիս դրամատիկական թատրոնի մուտքի մասում նախկինում եղել է Սբ. Գևորգ եկեղեցին, որին կից եղել է նաև երկդասյա հոգևոր դպրոց: Սակայն 1936 թվականին քանդվել է և կառուցվել ներկայիս թատրոնի շենքը»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ


















































