Էլդա Գրինի երազանքը կատարվեց․ տպագրվեց իր վերջին ստեղծագործությունը․ այսօր նրա «Աֆեկտ» դատահոգեբանական գրքի շնորհանդեսն էր։
Հեղինակը գրքում անդրադարձել է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ախտանիշների տարբերությանը, հուզական լարվածության կուտակմանը։ Այն նախատեսված է ոչ միայն իրավաբանների, հոգեբան-փորձագետների համար, այլև նրա, ով փոքր-ինչ հետաքրքրվում է հոգեբանությամբ։
Հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինը մի շարք գրքերի, պատմվածքների հեղինակ է։
«Երբ նա արդեն վատ էր զգում իրեն, միևնույն է շարունակում էր գրել։ Կարծես նախազգում էր․ պետք է անպայման հասցնի ավարտել այն։ Ու ես զարմանում էր, որ ունեմ այդպիսի մամա, նա միշտ զարմացնում էր ինձ»,- պատմում է նրա ավագ դուստրը՝ Մարինա Աբրահամյանը։
Էլդա Գրինը ընթերցողներին նվիրում է նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներ, որոնք հրատարակվել են տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Նրան նվիրված հուշ-երեկոյին նրա սաները, հարազատները և գործընկերները հիացմունքով են խոսում։

Պատմում են՝ Էլդա Աշոտովնան շատ էր սիրում դասի ժամանակ քրեական պատմություններ պատմել իր ուսանողներին։
Սակայն Էլդա Գրինը չէր ուզում, որ ինչ-որ մեկը շարունակեր իր ճանապարհը․ միայն մի ցանկություն ուներ․ որ մարդիկ սովորեն մտածել։ Եվ նրա ստեղծագործությունները դրա ապացույցն են։
Իր թոռնուհին՝ Էվա Ոսկանյանը հիշում է տատիկին, հիշում նրա սիրելի երաժշտությունը, որն անգիր է արել և այսօր տատիկի մասին հիշողությունները ուղեկցվում են այդ երաժշտության հնչուններով։
Սոնա Շահվերդյան
Նկարում Էլդա Գրինի աղջիկն ու թոռնուհին են ՜ Մարինա Աբրահամյանը և Էվա Ոսկանյանը։

















































