«Այս գիշեր «Իմ քայլը» արշավի մասնակից, «Ելք» խմբակցության գործավար Արփի Դավոյանենց բնակարանի դռան մուտքի առաջ տեղադրել են գլխատված ծիտ»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հորդորեց իտալական մաֆիայի կանոններով չշարժվել. «Մի հստակ զգուշացում կա. այս մարդիկ ոնց իտալական մաֆիայի կանոններով իրենց ներքին հարաբերություններն են սահմանել և զբաղված են ազգի կեղեքմամբ և ռեկետով, նույն ժանրով ուզում են մեզ ահաբեկել: Իտալական մաֆիան ունի նման ոճ՝ գլխատված ծիտը՝ որպես զգուշացում: Բայց կոչ եմ անում ոչ մի ձևով չփորձեն վախեցնել մեր ընկերներին կամ ընտանիքներին»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն 129 կմ քայլել են: Այսօր մուտք են գործելու Սևան քաղաք: Նաև տեղեկացրեց, որ ապրիլի 12-ին 18.30-ին Բրազիլիայի հրապարակից ավտոերթ են անցկացնելու:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ԱՄՆ-ից զանգահարել է սիրված երգիչ, Էմփիրեյի մենակատար Սարգիս Մանուկյանը և իր աջակցությունը հայտնել Իմ քայլը նախաձեռնությանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































