Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս Շմայսի բրիգադին հլը հանեք ստեղից». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 17,2018 20:50

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում քիչ առաջ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ելույթը սկսեց «Քայլ արա, մերժիր Սերժին կոչով»:

Հղում կատարելով Արսինե Խանջյանի նամակին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պարզվում է, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը նրա հետ զրույցում ասել է, թե հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Պարոն Փաշինյանն ի պատասխան այն թերահավատությունների, թե երկրում ոչինչ չի փոխվել, միևնույն է Սերժ Սարգսյանն է ընտրվել երկրի առաջին դեմք, հայտարարեց. «Ես պատասխանատու հայտարարում եմ, որ ամեն ինչ փոխվել է, քանի որ ահա այսօր Սերժ Սարգսյանը չունի իրեն հպատակ ժողովուրդ, չունի կառավարելու ժողովուրդ: Եվ ՀՀ քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ: Այսօր տեղի է ունենում ՀՀ երրորդ Հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, և դուք եք կերտել այս օրը: Այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամենը հինգ-վեց ժամ առաջ»:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում հանրահավաքն անցկացնելու որոշման պատճառին՝ պարոն Փաշինյանը հայտնեց. «Մենք դա արեցինք ցույց տալու համար, որ ՀՀ-ն գոյություն ունի, որ ՀՀ քաղաքացին գոյություն ունի և հանրապետության ամենամեծ հրապարակը լեփ լեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ընդդեմ ՀՀԿ-ի»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չի կարողանում միացնել իր հեռախոսը, քանի որ այն  պայթում է զանգերից, մարդիկ լացակումած ասում են, թե մի ասեք, որ սա շարժում է Սերժ Սարգսյանի դեմ, այլ սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է: Ըստ պարոն Փաշինյանի՝ այս զարթոնքը պիտի փոխի Հայաստանը, մեր երեխաների ապագան, իշխանությունը Հայաստանում»:

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին հարթակից ներքև կանգնած որոշ մարդիկ ակնարկներ էին անում, Արմեն Գրիգորյանը հայտնեց՝ այս երկուսը համը հանում են: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Էս Շմայսի բրիգադին հլը հանեք ստեղից, էս Շմայսի բրիգադն է»:

Պարոն Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ անելու են, որ փշալարերն ավելի ամրացնեն. «Փշալարերի հետևում Սերժ Սարգսյանը պիտի գնա գործի ու պիտի գնա տուն: Եվ Սերժ Սարգսյանը սրանից հետո Հայաստանը պետք է տեսնի այդ փշալարերի հետևից»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մենք գտել ենք մեթոդը, որով պետք է ծնկի բերենք Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը. «Իսկ համաձայն դրա՝ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպչական խումբ ասում է դու սա արա, դու նա արա, այլ քաղաքացին ինքը ինքնակազմակերպվում է և ինքն է այս շարժման տանող ուժը, ոչ թե որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական կուսակցություն: Այս շարժումը մեկ ղեկավար ու առաջնորդ ունի, և այդ մեկ առաջնորդը դու ես: Եվ ուրեմն ուզում եմ ավելի ամուր հայտարարել՝ ՀՀ-ում սկսել է ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30