Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածները հիմք ընդունենք՝ վարչապետի թեկնածո՞ւ, թե՞ ընդդիմադիր». Շարմազանովը՝ Փաշինյանին

Ապրիլ 30,2018 15:44

Այսօր ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ պոզիտիվ էներգիա է կուտակվել ու բոլոր քաղաքական գործիչները պետք է այդ կուտակած էներգիան այնպես անեն, որ պահպանվի եւ ծառայի ՀՀ-ին. «Հասկանալի է, որ այս ընթացքում նաեւ որոշակի լարվածություններ են առաջացել, դրանից առաջ էլ եղել են, բայց նաեւ ուրախ եմ, որ այդ լարվածությունը չի խանգարում մեզ, որ կարող ենք այսպիսի աշխատանքային քննարկում ունենալ»:

Նա ասաց, որ իրենց խնդիրն է ՀՀ-ում ընդհանրապես փակել ներքաղաքական թշնամանքի էջն ու հաստատել համերաշխության մթնոլորտ՝ օրենքի ու իրավունքի վրա հիմնված. «Եթե մեզ հաջողվի այդ մթնոլորտը հաստատել, նաեւ ՀՀԿ-ն այսօր, անկախ վերջին շրջանի իրադարձությունների դիրքավորումից, հնարավորություն ունի նպաստել այդ համերաշխության մթնոլորտի հաստատմանը: Այսպիսի զարգացումը հնարավորություն կտա, որ այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք ունենանք ոչ թե հաղթողներ ու պարտվողներ, այլեւ՝ համազգային հաղթանակ»:

Կարեն Բեքարյանը հարցրեց ղարաբաղյան հարցի կարգավորումից: Փաշինյանը պատասխանեց, որ վերջին գործընթացները բանակցությունների հարցում մեր դիրքերը կուժեղացնեն, կնպաստեն ԶՈՒ ամրապնդմանը:

Էդուարդ Շարմազանովը հարցրեց. «Գաղտնիք չի, որ «Ելքը» տարիներ շարունակ քննադատել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, քննադատել եք մեզ ԵԱՏՄ անդամակցության համար, նախաձեռնել եք օրենսդրական գործընթաց դուրս գալու ԵԱՏՄ-ից եւ համարել եք, որ դա ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն սխալներից մեկն է: Վերջին օրերին նշեցիք, որբ ձեր վարչապետ ընտրվելու պարագայում ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից, հիմա ես անկեղծորեն ուզում եմ ձեզ հասկանամ՝ հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածները հիմք ընդունենք՝ վարչապետի թեկնածո՞ւ, որ ասում է չպետք է դուրս գանք, թե՞ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի»: Նա նաեւ հարցրեց՝ հնարավո՞ր է հետո էլ բազմաթիվ հարցեր լինեն, որտեղ 180 աստիճանով Փաշինյանի դիրքորոշումները կտարբերվեն Ելքի դիրքորոշումներից»:

Փաշինյանը պատասխանեց, որ ինքը դեմ է եղել ԵԱՏՄ անդամակցությանը, բայց, այնուամենայնիվ, մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ պետք է հաշվի նստենք իրողությունների եւ փաստերի հետ: Ցանկացած պետական գործիչ, որը ելնում է ՀՀ շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի:

Փաշինյանն ասաց, որ երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել նախկինում, ինքը դեմ է քվեարկել, որովհետեւ գտնում է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձերը կարող են վտանգավոր լինել ՀՀ-ի համար. Պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով:

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նա ասաց, որ պարզաբանումներ տվել է: Մի բան է, երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, բարձրաձայնում ես խնդիրները, մեկ այլ բան է, երբ իշխանության ներկայացուցիչ ես ու կարող ես հարցերը դասավորել ու քննարկել գործընկերների հետ համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Էլի ասում եմ, որ վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չենք բարձրացնելու, սա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, մենք կաշխատենք հարցերը քննարկել ու գալ լուծումների»:

Շարմազանովը պատասխանեց. «Չհամոզեցիք ու ասեմ ինչու: Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատվություն ունենա, քան իշխանության»: Նա ասաց, որ պետք է տարբերություն չլինի ընդդիմադիր ես, թե իշխանություն: Նա ասաց, որ Փաշինյանը խոստովանեց, որ մինչ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը բխել է մեր ազգային ու պետական շահերից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30