Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը Փաշինյանին հիշեցրեց իր խոսքերը՝ ՀԱՊԿ-ի մասին. «Բարձրաձայնելո՞ւ եք դա Նազարբաեւի, Լուկաշենկոյի, Պուտինի առաջ»

Ապրիլ 30,2018 15:57

Սամվել Ֆարմանյանը այսօր ՀՀԿ հատուկ նիստում, որտեղ հանդիպում է կազմակերպվել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, մեջբերեց նրա հայտնի ելույթներից մեկը՝ ՀԱՊԿ-ի մասին. «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ , ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է , թե՞ վնաս»:

Ֆարմանյանը հարցրեց՝ ի՞նչ փաստարկների հիման վրա էիք դուք այդպես մտածում եւ վաղը վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ եք այդ հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ի խորհրդի ընթացքում, եթե վաղը Մովսես գյուղի նկատմամբ լինի կրակոց, ո՞րն է լինելու ձեր քայլը:

Ֆարմանյանը նաեւ մեջբերեց Փաշինյանի մեկ այլ խոսքից, որտեղ ասել էր, որ Բելառուսն ու Ղազախստանը խորը հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ՌԴ-ն էլ դեռ պետք է խորը վերլուծել ու հասկանալ՝ ո՞ւմ ռազմավարական գործընկերն է, ումը՝ ոչ: Ուստի Ֆարմանյանը հարցրեց՝ վերլուծել եւ հասկացե՞լ եք՝ ո՞ւմ ռազմավարական գործընկերն է՝ ՀՀ-ի՞, թե՞ Ադրբեջանի, որովհետեւ շարժման ընթացքում ՌԴ-ի հետ կապված ռազմավարական գործընկեր եզրույթը չի օգտագործվել:

Փաշինյանը պատասխանեց, որ շարժման ընթացքում արտաքին քաղաքականությանը չեն անդրադարձել, մաքուր հայաստանյան գործընթաց է եղել, որը հիմնականում կենտրոնացած է ներքին խնդիրների վրա. «Մեր վերլուծություններում արտաքին քաղաքականությանը համարյա անդրադարձ չենք ունեցել: Այն, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերութունները ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, դա իրողություն է, որի հետ մենք հաշվի ենք նստում: Եթե մենք անընդհատ չենք արձանագրում, որ այս սենյակը լցված է օդով, դա դեռ չի նշանակում, որ այս սենյակը լցված չէ օդով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, շատ հստակ է ասված, ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի ընդհանրապես փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգային ոլորտում: Այսօր հարցեր կան, որոնք մեր հանրության համար բաց են, գուցե Ղազախստանի հանրության համար էլ, ՌԴ-ի հանրության համար էլ հարցերը բաց են: Փոխադարձ պարտավորությունները պետք է հստակեցվեն, որ ակնկալիքները ճիշտ ձեւակերպվեն»:

Ֆարմանյանը ճշտեց՝ ՌԴ-ն ձեր վարչապետության պարագայում շարունակելո՞ւ է լինել ՀՀ ռազմավարական դաշնակցային պետություն: Նա հարցրեց՝ դուք, որպես վարչապետ ընտրվելու դեպքում ՀԱՊԿ-ի հաջորդ նիստին այդ հարցերը բարձրաձայնելո՞ւ եք ՀԱՊԿ-ում՝ Նազարբաեւի, Լուկաշենկոյի, Պուտինի առաջ, ի վերջո ձեր գործընկերներն են լինելու:

Փաշինյանը պատասխանեց, որ եթե ասում են հարցեր կան, հստակ է մի բան՝ մենք խնդիր չենք դնելու ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դուրս բերելու, բայց մենք չենք մտածում, թե այդտեղ ամեն ինչ իդեալական է: Մենք պետք է այդ բոլոր հարցերը բարձրացնենք, քննարկենք գործընկերության մթնոլորտում, ոչ թե կոնֆլիկտների գնալու համար, այլ կազմակերպությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Պրակտիկան ցույց է տալիս, որ եթե կա հարց, պետք է այդ հացը բարձրացնել ու քննարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30