Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ հեղափոխության առաջնորդին ընդդիմություն լինելը քաղաքական առումով ավելի շահեկան է, քան նրա կցորդ լինելը. «Ժամանակ»

Մայիս 10,2018 10:50

«Ծառուկյան» դաշինքի հաջորդ թիրախը հանրապետական համայնքապետերն են: ՀՀԿ-ական համայնքապետերից շատերը, մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելը, հայտարարում էին, որ հրաժարվում են ՀՀԿ անդամությունից և միանում են համաժողովրդական շարժմանը: Հիմա երբ ՀՀԿ-ն փաստացի իշխանություն չունի, փախուստը ՀՀԿ-ից մասսայական բնույթ է ստանալու: Ուղղակի համայնքապետերը ցանկանում են հասկանալ, թե դուրս գալով ՀՀԿ-ից, ուր պետք է գնալ: Արդեն տեղեկություններ կան, որ նրանցից շատերը ինտենսիվորեն բանակցում են ԲՀԿ-ի հետ, համարելով որ ամենաապահով հանգրվանը հենց այնտեղ է: Եթե ԲՀԿ-ն ապագա կառավարությունում ստանում է զգալի ներկայացվածություն, ապա դառնում է այն ձգողականության կենտրոնը, որտեղ կհավաքվեն ՀՀԿ-ից պոկվող բոլոր բեկորները:

Լավ է դա ԲՀԿ-ի համար, թե վատ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա միայն ուժեղացնելու է ԲՀԿ-ին, քանի որ այդ կուսակցությունը ստանալու է մարդկային և ֆինանսական ռեսուրսի զգալի համալրում: Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հասնել խորհրդարանի լուծարմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, այդ ռեսուրսը պետք է միայն օգնի ընտրություններում ավելի լուրջ արդյունքների հասնելու համար: Բայց սա ճիշտ է միայն առաջին հայացքից:

Նախ հիշենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած տեղ են ունեցել երեք խորհրդարանական ընտրություններ, որոնց բոլորին էլ ԲՀԿ-ն մասնակցել է որպես իշխող ՀՀԿ-ին այլընտրանք, հանդես գալով ընդդիմության դիրքերից: Կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագրի» հետ, ԲՀԿ-ն զրկվում է ընդդիմություն լինելու առավելությունից: Նույնիսկ հեղափոխության առաջնորդին ընդդիմություն լինելը քաղաքական առումով ավելի շահեկան է, քան նրա կցորդ լինելը: Բայց կա ավելի վտանգավոր հանգամանք: Հայաստանում հեղափոխությունը սկսվել է, բայց այն չի ավարտվել: Եթե ԲՀԿ-ն իսկապես իր շուրջ համախմբի ՀՀԿ-ական օլիգարխիայի, չինովնիկների ու համայնքապետերի կաստային, ապա հեղափոխության դաշնակցի ներկայիս կարգավիճակից կվերածվի հեղափոխության հերթական թիրախին: Հեղափոխության հաջորդ նպատակը կլինի խորհրդարանական ընտրություններում թույլ չտալ ԲՀԿ-ի հաղթանակը, որպես ՀՀԿ-ի նոր դեմքով ռեստավրացիայի հնարավորություն: Բոլոր այն ԲՀԿ-ականները, ովքեր այսօր ոգևորված են իրենց նկատմամբ առկա հետաքրքրությամբ, կամ արդեն մտածում են իշխանությունից ակնկալվող բարիքների և կարգավիճակի մասին, պետք է նկատի ունենան, որ դա տևելու է չափազանց կարճ, իսկ հետևանքները լինելու են բավականին տխուր, եթե ոչ ողբերգական:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031