Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին իր իսկ թիմի՝ «Բալասանյան դաշինք»-ի 10 անդամների կողմից անվստահություն հայտնելու հարցով ավագանու արտահերթ նիստ հրավիրելը «Գալա» խմբակցության անդամները որակում են որպես կեղծ օրակարգ։ Լևոն Բարսեղյանն ասաց․ «Այս երեք օրվա խառնաշփոթը իրական որևէ ճգնաժամից չի բխում, Սամվել Բալասանյանը, շատ զգուշավոր մարդ լինելով, ըստ երևույթին, խառնվել է իրար։ Ինչ-ինչ մարդիկ հայտարարություններ են արել անվստահություն հայտնելու մասին, նոր թեկնածու առաջ քաշելու մասին, ինքը ուղղակի խառնվել է իրար, որոշել է ինքնապաշտպանական էս միջոցառումը ձեռնարկել, որը խայտառակ կերպարանք ունեցավ։ Քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվեց հարցերի պատասխանել, հետո ասաց, որ շատ է ուզում, որ Բալասանյանը մնա քաղաքապետ, բայց ինքը հետ չի վերցնում հայտը քաղաքապետ լինելու։ Ես իհարկե, ելույթիս մեջ ասացի, որ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունի ավագանու այս անդամը, ինքը պիտի կողմնորոշվի՝ ինքը ինչ է մտածում։
Բալասանյանը խոստովանեց փաստորեն, որ ինքն է կազմակերպել այս ամբողջը, որպեսզի վստահության քվե ստանա, կամ համոզվի, որ իրեն անվստահություն չեն հայտնում՝ պնդելով, որ հրաժարականի ինչ-որ մեխանիզմ չկար»։

«Հիմա այդ հնարավորությունից օգտվելու փոխարեն 10 հոգու «Բալասանյանի դաշինքից» մասխարա սարքեցին, մի հոգի «Օրինաց երկրից» մասխարա սարքեցին, երկու հոգու էլ՝ ԲՀԿ-ից, էս խայտառակ պատմությունը սարքեցին։ Խայտ ու խայտառակ եղան այսօր «Բալասանյան դաշինքի» ժողովուրդը և խլեցին մեր բոլորի ժամանակը։ Դեմ են քվեարկել այն մարդիկ, որոնք կողմ ենք եղել Բալասանյանին անվստահություն հայտնելուն, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծաղր ու ծանակի են ենթարկել մեր քաղաքին։

Փաստացի տեղի ունեցավ մաթեմատիկայի բաց դաս «Բալասանյան դաշինքի» համար, սովորեցնել հաշվել մինչև 20-ը․ իրենք իրենց թվերից խաբար չէին, որ 17 մանդատ ունեին՝ ջեբերը դրած, յուղած, լղած, ամեն ինչ սարքած, երկու մանդատ էլ ցրած: Երեք հոգի էլ իրենց կցագրել էին, այսպես կոչված, ընդդիմադիր մարդկանցից, մեկը՝ ՕԵԿ-ից, երկու՝ ԲՀԿ-ից։ Հիմա իրենք կարող են հաշվել, որ իրենք ունեն 20 քվե, մինչև էս մասխարեն չէին կարողանում հաշվել։ Իսկապես, ժողովուրդ, ամոթալի բան է, էս քաղաքը դարդի տակ խրված, դուք «մասկի շոու» եք սարքում, նախանձել էին երևի երեկվա Տարոնի «մասկի շոուին»,-ասաց Լևոն Բարսեղյանը;
Արմենուհի Վարդանյանն էլ հայտարարեց, որ ի նշան այսօր տեղի ունեցած «կրկեսի»՝ որոշել են վաղը չմասնակցել ավագանու հերթական նիստին։ Նա նաև նշեց, որ իր համար անհասկանալի էր, թե ումի՞ց էին պաշտպանում Սամվել Բալասանյանին, ստացվում է, որ պաշտպանում էին «Բալասանյան դաշինքից»։
Քրիստինե Մկրտչյանն էլ ասաց․«Մենք համոզված ենք, որ Գյումրուն պետք են նոր ընտրություններ, Գյումրու ավագանին չի արտահայտում գյումրեցիների իրական կշիռն ընդհանրապես և տեղի չեն ունեցել որպես այդպիսին՝ ընտրություններ, տեղի են ունեցել միջոցառումներ։ Եվ Սերժ Սարգսյանից նվեր ստացած բոնուսների շնորհիվ է Գյումրու քաղաքապետը դարձել Գյումրու քաղաքապետ, ուստի անհրաժեշտ է այս ամենը քանդել և նորը կառուցել, Գյումրին պետք է ունենա լեգիտիմ իշխանություն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































