Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նոր ընտրություն, գլխավոր դատախազի փոփոխություն չի նախատեսվում. պարզաբանում է նախարարը

Մայիս 18,2018 12:10

«Մարդիկ պետք է հաշվի առնեն, որ եթե իրականացնում են բողոքի ակցիաներ, կարող են միջամտել այլոց իրավունքներին եւ ազատություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով արդեն երեք օր շարունակվող բողոքի ցույցին, որի արդյունքում փողոցներ են փակվել, իսկ ամբաստանյալների մի մասը պահվում են դատարանում: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հորդորին` ցույցի մասնակիցները ապաշրջափակեցին Արշակունյաց պողոտան, իսկ դատարանի շենքը`ոչ:

Արտակ Զեյնալյանը`վկայակոչելով առաջին նախագահի հարցազրույցը՝  ասաց, թե համամիտ է, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը. «Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն էր եւ յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցել, չպետք է բացառենք, որ դա կարող է հակասել ուրիշների շահերին: Սա պետք է օբյեկտիվ քննություն ստանա»:

Նախարարը խոսեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հեռանկարների մասին`պատասխանելով նախկին փորձից ելնելով լրագրողների հարցերին: Ասաց. «Կհաջողե՞նք, թե`չէ, կախված է թե ինչպես կաշխատենք եւ ինչպիսի աջակցություն կստանանք նաեւ ԶԼՄ-ներից»: Հնում եղած չարաշահումները կբացահայտվե՞ն, գումարները կվերադարձվե՞ն`համանման հարցերին նախարարը պատասխանեց`իրավապահները պետք է զբաղվեն. «Գործելու է ոչ թե կոռուպցիայի կանխավարկածը, այլ անմեղության կանխավարկածը: Որեւէ շեղում անմեղության կանխավարկածից եւ արդար դատավարության սկզբունքներից թույլ չի տրվելու»:

Գլխավոր դատախազի փոփոխության մասին էլ ասաց. «Մենք որեւէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»: Նա նկատում է, որ գլխավոր դատախազն ընտրովի է:

Դատական համակարգի առողջացման գործում, ասում է, մեծ դեր ունի Բարձրագույն դատական խորհուրդը: Aravot.am-ի հարցին`խորհրդի անդամների նոր ընտրություններ նախատեսվո՞ւմ են, քանի որ նախորդ ընտրության արդյունքները խորհրդարանում հենց «Ելք» դաշինքի անդամները վիճարկեցին, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում ձեր տեսակետը: Դա ձեր տեսակետն է: Հանրությունում այդպիսի տեսակետներ չեմ շոշափել: ԲԴԽ-ն ընտրվել է եւ աշխատում է: Որոշումն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Դա ԱԺ-ի կողմից ընդունված որոշում է, այդ թվում դեմ քվեարկածների»:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորություններին, նախարարն ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունը դեռ չի սկսել ԸՕ-ի փոփոխությունների վրա աշխատանքը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031