Սույն թվականի մայիսի 21-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, տեղի ունեցավ հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և միջազգային գիտաժողովի բացումը:
«Այս միջոցառման հիմնական նպատակն է նշել Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտակազմակերպչական, գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը: Նա 1950-60-ական թվականներին մաթեմատիկական գիտության տիեզերքում փայլեց որպես աստղ, որը լուսավորեց շատ երիտասարդների ուղին գիտության ասպարեզում: Նա 21 տարեկանում արժանացավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճանի: Այդ տարիներին նա ուներ շատ բարձր գիտական հեղինակություն: Եվ այդ պատճառով նրան վստահվեց կազմակերպել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական հսկա կառույցը: Մեծ է Սերգեյ Մերգելյանի ավանդը նաև Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման գործում: Այսօր աշխարհի տարբեր գիտական կենտրոններում եթե հայտնի են Հայաստանի գիտության նվաճումները, առաջին հերթին դրանք կապված են Վիկտոր Համբարձումյանի և Սերգեյ Մերգելյանի անվան հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ապա նա ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը.
«Գիտությունների ազգային ակադեմիայի մեծարգո նախագահ,
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:
Ավանդաբար գիտության ասպարեզ են մտնում այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ գիտության արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաև էնտուզիաստներ են: Սերգեյ Մերգելյանը, անշուշտ հենց այն անհատն ու գիտնականն էր, ով ոչ միայն գիտեր այդ արժեքը, այլև իր ողջ կյանքով ու գործունեությամբ զարգացրեց գիտությունը` բարձրացնելով ու բարձրության վրա պահելով հայ գիտական միտքը: Նա բացառիկ ավանդ ներդրեց ոչ միայն Հայաստանի գիտության, այլև տնտեսության մեջ:
Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր` դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում: Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը: Իր գիտական բեղուն և հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը: Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ:
Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները: Նրա օրինակն ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է: Մանավանդ` գիտության զարգացումը կարևորագույն գործոն է պետության առաջընթացի համար: Ուրեմն, միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի: Դա նաև մեր ամենամեծ ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե վաստակին, թե նրա հիշատակին:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, իսկ գիտաժողովին` արգասաբեր աշխատանք»:

Սերգեյ Մերգելյանի կրտսեր որդին` Սերգեյ Մերգելյանը, շնորհակալություն հայտնեց հոր հիշատակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին միջոցառումների կազմակերպման և մասնակցության համար:
«Հատկապես նշանակալից է, որ այս միջոցառումն անցկացվում է Երևան քաղաքում, Հայաստանի հողում, որին իր եռանդը և ամբողջ էներգիան նվիրել է հայրս: Նրա երազանքն էր, որպեսզի Հայաստանը դառնա առաջատար գիտական կենտրոն, և ես ուրախ եմ, որ սա կատարվում է, որովհետև գիտաժողովն այդ քայլերից մեկն է, և անցած ուղին ևս հարուստ է իրադարձություններով: Ես հպարտ եմ նրանով, որ հայրս ձեռք է բերել արդյունքներ, և բազմաթիվ երիտասարդներ ցանկացել են հետևել նրա ուղուն: Հայրս միշտ ասում էր, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը մաթեմատիկան է: Դիմելով գիտաժողովի արտասահմանյան մասնակիցներն` որպես այդ գեղեցկությանը ծառայողների, կմաղթեի, որպեսզի գնահատեիք նաև Հայաստանի գեղեցկությունը»,- իր խոսքում ասաց Սերգեյ Մերգելյանի որդին:
Սերգեյ Մերգելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում է շուրջ 80 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Իսրայելից, Չեխիայից, Շվեդիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 25-ը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի շքամուտքին կփակցվի Սերգեյ Մերգելյանի հուշատախտակը:
Հոբելյանական միջոցառումները կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի պետական համալսարանը, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Հայկական մաթեմատիկական միությունը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը` ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


















































