ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց. «Կարեւոր է, որ նախարարությունը կատարի այն պարտականությունները, որն ունի պետությունը քաղաքացու նկատմամբ, ես հասկանում եմ ձեր վիճակն այսօր, նախորդ նախարարի կատարած գործողություններն եք ներկայացնում, ուզում եմ ուրախությամբ նշել, որ այդ թվերը ոգեւորիչ են, այնտեղ չկային բաներ, որ մեր քաղաքացիներին չէին բավարարում»:

Ուշագրավ է, որ երբ Մանե Թանդիլյանը զեկույցը ներկայացնելիս ասաց, որ լսողական խնդիրներ ունեցողներին սարքեր են տրամադրվել, Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց՝ քանի՞ լսողական սարքեր են բաժանվել, որովհետեւ նրա խոսքով՝ «մեկը ընդամենը 100 լսողական սարք էր բերել բաժանել, այնպես էին ոգեւորվել, կարծես որեւէ մեկը մեր քաղաքացիներին էլ լսողական սարք չէր տրամադրել: Այդ 100 սարքը որքանո՞վ է թեթեւացրել նախարարության գործը»:
Նախարարը պատասխանեց, որ ժողովրդի խոսակցական բառն է սոցապնախարարը եւ իրենք աշխատանք են տանում նաեւ զբաղվածության ապահովման համար:
Ինչ վերաբերում է լսողական սարքերին՝ Թանդիլյանն ասաց. «Հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակների տրամադրման կարգը փոխվել է, լսողական սարքերի մասով նույնպես ընթացքի մեջ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































