Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը (Տեսանյութ)

Հունիս 16,2018 23:42

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում գտնվող մշակութային օջախներ շրջայց կատարելու, տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով վաղ առավոտյան մշակութային մայրաքաղաք էր եկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ երկու փոխնախարարների հետ։ Նրա այցի նպատակներից մեկը Շիրակի երկրագիտական թանգարանի պայմաններին ծանոթանալն էր։ Պատմամշակութային եզակի նմուշներ ունեցող թանգարանը սարսափելի պայմաններում է, ցուցանմուշները փչանում են շենքային պայմաններ չունենալու պատճառով։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն էր հղել նախարարին ՝ առաջարկելով թանգարանը տեղափոխել Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենք։ Նշենք, որ այն դատարկ է, սակայն հազար աչք կա այդ շենքի վրա, այն պարզ պատճառով, որ քաղաքի կենտրոնում է՝ « Կումայրի» արգելոցի տարածքում, շատերը կերազեին այն ձեռք բերել ու դարձնել ասենք որպես հյուրատուն։

Ինչևէ, պարոն Բարսեղյանի առաջարկը նախարարությունն ամենայն լրջությամբ ուսումնասիրում է և կարելի է ասել՝ այսօր մշակույթի պատասխանատուները Գյումրի էին եկել հարցին լիարժեք ծանոթանալու նպատակով։

Նախարար Մակունցը նախ հանդիպեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ, զրուցեց նաև հիվանդանոցի շենքը թանգարանին տրամադրելու թեմայով։

Նորանշանակ մարզպետը նախ շփոթեց հիվանդանոցների շենքերն․ ակնհայտ էր, որ նա ընդհանրապես ծանոթ չէր թեմային, պատրաստ չէր քննարկմանը, չգիտեր, թե խոսքը որ հիվանդանոցի շենքի մասին է։ Նրան թվաց, թե թանգարանն ուզում են տեղափոխել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց։ Նկատենք, սակայն, որ «Ճերմակ» հիվանդանոցը՝ որպես բուժհաստատություն, գործող է, մարզպետարանի ենթակայության տակ չի գտնվում․ այն համայնքապատկան է, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքը 99 տարի վարձակալությամբ հանձնել է «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ին։

Իսկ Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցը, որի շենքը, ի դեպ, սև է, դատարկ է, հանձնվել է պետական գույքի կառավարման վարչությանը։

Ինչևէ, նկատելի էր, որ նախարարին զարմացրեց մարզպետի այն խոսքերը, թե հիվանդանոցի շենքի մի մասը որպես հիվանդանոց է ծառայելու։ «Մի փոքր մաս պետք է հիվանդանոցային լինի, որովհետև մեզ մոտ շենքը՝ որպես Սպիտակ հիվանդանոց է ընդունված, քննարկումների արդյունքում կտեսնենք»,-ասաց մարզպետը։

«Մի փոքր մաս հիվանդանոցայի՞ն», -ժպտալով, բայց զարմացած հարցրեց Լիլիթ Մակունցը։ «Դրանք անհամատեղելի են»,-շարունակեց նախարարը։

«Տեսնենք, քննարկենք»,-ասաց մարզպետը։ Նախարարը, դիմելով մարզպետին, ասաց․«Շատ լավ է, որ ներդրողներին գրավել եք շենքը տեսքի բերելու համար, հարկ է խոսենք առողջապահության նախարարի հետ, բայց կարծում եմ, որ գյումրեցիների կարծիքը, մոտեցումն այդ առումով պետք է հաշվի առնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyulizar says:

    Այ քեզի բան:Էս տղեն հեչ բանից խաբար չէ:Ամոթ է,նախարար ընդունելուց առաջ գոնե ծանոթանա քննարկվելիք հարցերին:Ըսոնք Նիկոլին խայտառակեն բդի…………….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930