Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը շոկի մեջ է Մանվել Գրիգորյանի արարքից։ Ուսուցչուհիներից մեկը՝ Հասմիկ Նիկողոսյանը, որի որդին ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, այսօր մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր կողմից զինվորին ուղարկված օգնությունը, որ տեսա իր կենդանիների համար, հասկացա, որ նա իր կենդանիներին ավելի բարձր է գնահատել, քան պատերազմի ժամանակ սահմանին կանգնած իմ զինվոր տղային, որը մեկ շաբաթ շարունակ սոված է մնացել։ Տղայիս մի անգամ հարցրեցի՝ դուք ինչ-որ բան ստացե՞լ եք, ասաց՝ չենք ստացել մամ ջան, բայց այստեղ ամեն ինչ կա։ Հետագայում, մի 2-3 ամիս հետո այցելեցի իրեն, ասեց՝ մամ ջան, մենք ուղիղ մի շաբաթ ոչ մի ուտելիք չենք ունեցել, մեր մոտ մնացել էր շաքարավազ, բաժանել ենք օրերի, որպեսզի կարողանանք այդ մի շաբաթը գոյատևել։ Վերևից էլ կրակը, չեն իմացել, թե իրենց վերջը ինչ է լինելու։
Ու այսօրվա պահով տեսնում եմ, թե ամբողջ օգնությունը ո՞ւր է գնացել, հատկապես մեր դպրոցի օգնությունը, կոլեկտիվն ու աշակերտները ինչ ոգևորված էին։ Ամբողջ կոլեկտիվը իմ կողքին կանգնած՝ իմ ցավը տանում էր, նույնիսկ լսել էի որդիս վիրավոր է, ապրումներից զրկվեցի անգամ առողջությունից»։ Հասմիկ Նիկողոսյանը պատմում է, որ այդ ժամանակ այնքան էին ոգևորվել, որ նույնիսկ ինքը ուզում էր գնալ սահման, գոնե ճաշ եփեր զինվորների համար։


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































