-Մարդկության անվտանգությանն ուղղված հանցագործություն է կատարվում: Հսկայական վնասներ են հասցնում ոչ միայն շրջակա բնական միջավայրին, այլեւ մարդկության առողջությանը: Երեկ առավոտից մինչեւ ժամը տասներկուսը ոչ մի բան չէր երեւում: Մեր տնից, որ Օձունը շատ պարզ երեւում էր, հիմա ընդհանրապես ամայություն է, ընդամենը մի սպիտակ շերտ է նստում, որ ոչինչ չես տեսնում,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աքորի համայնքի բնակիչ Աննա Թաթոյանը:

Աննայի խոսքով՝ բնակիչները չեն ցանկանում, որպեսզի գործարանը փակվի ու մարդիկ անգործ մնան: Սակայն այս իրավիճակում այլ տարբերակ չեն տեսնում. «Շանտաժ են անում, որ եթե գործարանը փակվի, 500 հոգին նույնպես կմիանա Հայաստանից արտագաղթած 500.000 բնակչությանը: Այսինքն, այդ 500 հոգու համար մենք պետք է սուս մնանք, որպեսզի գործարանը չփակվի, նրանք չարտագաղթեն, էն մնացած 15-20.000 էլ հեչ: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ ավելի շուտ կցանկանան միանան արտագաղթածներին, քան թե հանգուցյալներին: Ինչ-որ տեղ նաեւ ես թքած ունեմ այդ աշխատանքի վրա: Եթե այդ մարդիկ պետք է աշխատեն, իրենց երեխաները սնվեն, իսկ էն մյուսների երեխաները կոտորվեն, թող փակվի»:
Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ Աննա Փերիխանյանն ամեն օր է ականատես լինում գործարանի արձակած ծխից առաջացած տեսարանին. «Ալավերդու գրեթե բոլոր բնակավայրերում տարածված է: Ամեն օր այդ ծուխը գազի տեսքով կա, հատկապես երեկոյան ժամերին է շատանում: Իսկ աշխատակիցներն ասում են, որ եթե ձեզ դուր չի գալիս այդ ծուխը, գնացեք այստեղից: Կան օրեր, որ ծուխն ավելի է շատանում, եւ մարդիկ նույնիսկ խեղդվում են: Երբ որ այդ գազը շատ է լինում, կոկորդս խեղդելու աստիճանի է հասնում, նաեւ այդ ամենն ազդում է նյարդային համակարգի վրա,- ասում է Աննան, եւ հավելում,- լուծումը փակելով չի, թող ֆիլտրացում լինի, կամ մեկ այլ ճիշտ լուծում: Տնօրինությունը մեզ հստակ ասի, որ ինչ-որ ժամկետում լուծում կտրվի հարցին, որ ժողովուրդն էլ իմանա»:

Այս պահին գործարանն ունի 540 աշխատակից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատերերի






















































