Լրահոս
Օրվա լրահոսը

«Շփման գծում կան կուտակումներ եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք». Դավիթ Բաբայան

Հունիս 21,2018 12:10 Share

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ հակառակորդը առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժեներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեր հարցին՝ ինչ-որ արտառոց իրավիճա՞կ է սահմանի վրա, ի՞նչ է այս պահին կատարվում շփման գծում՝ պատասխանեց. «Կատարվում է այն, ինչի մասին մենք խոսում ենք, սա ոչ թե շահարկումների համար է արվում, ինչպես մի քանի տարօրինակ աննորմալ կարծիքներ են հայտնում, դեպրեսահարվում են, շեղում են ուշադրությունը ներքին խնդիրներից: Նախեւառաջ, Արցախում կատարյալ հանգստություն է, ներքաղաքական կատարյալ կայունություն: Մենք այդպիսի նպատակ չունենք շահարկենք սահմանում տիրող իրավիճակը եւ ներքին խնդիրները: Ադրբեջանական ղեկավարությունն իրենք են հայտարարում, տեսեք ինչպիսի հայտարարություններ են անում: Ապրիլ ամսից մենք ասում ենք, որ կան կուտակումներ եւ որոշ մարդիկ, այդ թվում նաեւ Ադրբեջանի քաղաքացիներ հայկական անունների տակ գրում են, փնովում են, փորձում են շեղել մեր ուշադրությունը: Մենք ասում ենք՝ կան կուտակումներ եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք: Իսկ թե ինչ կլինի, կախված է առաջին հերթին մեր ունակություններից՝ կասեցնել ցանկացած ոտնձգություն: Այս պահի դրությամբ պաշտպանության բանակը կատարում է ամեն ինչ, որ ռազմավարական նախաձեռնողականությունը ամուր պահպանի իր ձեռքերում: Բնական է, որ հակառակորդի զսպիչ ուժերից մեկը դա է: Մեր բանակն է զսպելու, հայության միասնականությունը եւ միջազգային հանրության դիրքորոշումը, որը չի ընդունում այդպիսի մոտեցում: Պարզ է, որ Ադրբեջանի պես աննորմալ երկիրը կարող է դիմել արկածախնդրության: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է լինի հզոր բանակ»:

 

Մենք ճշտեցինք, այսինքն, այս պահին ապրիլյան պատերազմի կրկնությունը չի՞ բացառվում՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ոչ մի բան չի բացառվում, բայց դրա հավանականությունը կախված է ինչպես նշեցի, վերոհիշյալ գործոններից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930