Լրահոս
Օրվա լրահոսը

Իոաննիսյանին հիշեցրին Փաշինյանի խոսքերը՝ կանանց մասին ու փաստեցին՝ տղամարդիկ հղի չեն լինում, իրենց հարցերը ԱԺ-ում կքննարկեն իրենք

Հուլիս 06,2018 11:49

Վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր հանդիպեց կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կանանց մասնակցության քվոտայի եւ այլ հարցերի հետ կապված ԸՕ կարգավորումները:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանն ասաց, որ քիչ պատգամավորներ չունենք, որ խորհրդարանում պարապ նստած են. «Այնտեղ թոշակի տեղ չի, այնտեղ տեղ է, որտեղ մարդիկ պետք է աշխատեն, օրենսդրություն մշակեն, որ երկիրը գնա առաջ»:

Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կանայք պետք է լայնորեն ընդգրկվեն կառավարման համակարգում: Սիսիանում էլ վարչապետը այդ խոսքերը կրկնեց: Դա չպետք է մնա որպես լոզունգ. «Չստացվի այնպես, որ ամբողջ համայնքները ղեկավարում են միայն տղամարդիկ ու ոչ բոլոր դեպքերում են, որ տղամարդիկ լավ են ղեկավարում: Չեմ հասկանում, այդքան կանանց ռեսուրսից զո՞ւրկ է մեր երկիրը, որ խոշորացված համայնքներում միայն Ամասիայի համայնքապետն է կին»:

«Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիան» ներկայացնող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կանանց ներգրավվածությունը օրենսդրության պահանջն է, մի շարք կոնվենցիաներով ենք պարտավորվել. «Այսօր ունենք հնարավորություն կարծրատիպերը կոտրելու: Այս հեղափոխությունը ստեղծել է այդ հնարավորությունը եւ այս հեղափոխությանը կանանց մասնակցությունը եւս ստեղծել է այդ հնարավորությունը եւ հուսով ենք կամք կլինի, որ ապահովվի կանանց բավարար մասնակցություն»: Նա առաջարկությունների փաթեթ փոխանցեց կառավարության հանձնաժողովին:

Նա 50/50 մասնակցության եւ 40/60 մասնակցության առաջարկներ էր ներկայացրել: Հովհաննիսյանն ասաց, որ այս տոկոսները վերաբերում են ցուցակին: Այսինքն, ըստ իրենց առաջարկի, ցուցակում ամեն երկրորդը կին պետք է լինի, իսկ խորհրդարանում ինքնաբացարկի արդյունքում չի կարող սեռերից որեւէ մեկի տոկոսը 40 տոկոսից ցածր լինել. «Ես հասկանում եմ, որ քվոտան ամենալավ տարբերակը չէ, որ փոփոխություն կմտցնի հասարակության պատկերացումների մեջ, բայց դա դեռեւս միակ տարբերակն է, որ փորձ կանի կոտրել կարծրատիպերը»: Զարուհի Հովհաննիսյաննն ընդգծեց, որ կանայք կրթվածության մակարդակով ավելի բարձր են, իսկ թե ինչու նրանք չեն հասնում կառավարական օղակներ, դա հարց է: Իոաննիսյանն արձագանքեց՝ «Կանայք ավելի կրթված են միջինում, դա մեր կազմակերպության օրինակով էլ կարող ենք տեսնել»:

Դանիել Իոաննիսյանը համաձայնեց, որ սա լավ առիթ է՝ կոտրելու կարծրատիպերը եւ «հասարակությանը ասելու, որ ի՞նչ տարբերություն՝ կի՞ն է, թե՞ տղամարդ, մարդս մարդ լինի»:

Հնչեց մտահոգություն, որ անորակ ցուցակներ կլինեն, քաոտիկ վիճակ կստեղծվի՝ կանանց գտնելու, խոտան կլինի եւ այլն: Կար նաեւ այսպիսի տեսակետ, որ եթե տղամարդկանց քվոտան բարձր է եղել մինչ այժմ, չի նշանակում, որ բարձր որակ է եղել, այսինքն, քվոտան էլ գուցե հարց չլուծի:

Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներն Իոաննիսյանին ասացին, որ քվոտան ապահովելը չպետք է ներկայացվի՝ որպես բարի կամքի դրսեւորում, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովրդի 52 տոկոսը կին է: «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան ներկայացնող Նվարդ Մարգարյանն ասաց. «Խորհրդարանում ներկայացված տղամարդիկ չեն կարող ներկայացնել իմ խնդիրները, որոնք վերաբերում են իմ սեռին, իմ գենդերին: Ես չեմ ուզում մենք էլի կանգնենք հին տաշտակի առաջ, ինչ մի քանի տարի առաջ էր, երբ կանանց հնարավոր ռիսկային հղիության մասին քննարկումներ ու որոշումներ էին կայացնում տղամարդիկ, երբ իրենք երբեք հղի չեն լինում ու չեն հասկանում դա ինչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031