Aravot.am-ը տեղեկացրել է, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Գորիս եւ հանդիպել Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ` բուհում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ համալսարանի դեկաններն ու մի շարք աշխատակիցներ պահանջում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորյալ Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը: Ի պատասխան այս ընդվզման, Ղուկասյանը բոլոր դժգոհներին , այդ թվում, Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցին ազատել էր աշխատանքից, ավելի ճիշտ, լուծարել էր վերջինիս պայմանագիրը:

Մհեր Քումունցն ասաց, որ իր դեմ մի փաստ էլ են բերել, ասելով, որ ժամանակին խմբագրել է Լիսկայի` Սուրիկ Խաչատրյանի դիսերտացիան: «Դրանում ոչ մի արտառոց բան չկա, բոլորն էլ գիտեն, որ ես գրքեր եմ խմբագրում: Դա փաստ չէ, որի համար արժի ինձ մեղադրել ու խնդրին քաղաքական երանգ տալ: Համալսարանն ունի կրթական ոլորտին առնչվող լուրջ խնդիրներ»:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ հարցը օբյեկտիվ լուծում կգտնի, եւ ինքը կկարողանա սեպտեմբերի 1-ին վերադառնալ իր սիրելի դասախոսական աշխատանքին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Նախարարն իրավիճակին տիրապետեց այնքան, որ հասկացավ, որ այս մարդու խնդիրները ակադեմիական մակարդակից ցածր են և անձնական շահերից բխող: