«Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»,- այս արտահայտությունն արել է գյուղաբնակ մի կին, տասնամյակներ առաջ, բայց մինչ օրս ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այն չի մոռանում: Արտահայտությունն արվել է, երբ ինքն այլ պաշտոն էր զբաղեցնում եւ հերթական այցով գյուղական մի բնակավայրում էր, բայց այն այսօր էլ օրախնդիր է այն առումով, որ համայնքային համաչափ զարգացման խնդիրները Հայաստանում դեռեւս ամբողջովին լուծված չեն:
ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում մեկնարկել է «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

Հիմնական զեկուցող, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը առանձնացրել էր 20 կետ, որոնք վերաբերում են համայնքների զարգացման խնդիրներին: Դրանցից առաջինը ընտրություններն են. «Համայնքների խնդիրները գալիս են ընտրություններից, առաջնայինը կուսակցական շահն է եւ քանի որ իշխանությունները այնպիսի մոդել են ստեղծել, որ համայնքների ղեկավարներն առանց հոգսերի ձգտել են դոտացիաներ ստանալ, որը հասնում է 80%-ի, ունեցել են ուռճացված ծախսեր եւ ոչ թե սեփական բյուջեն են ձեւավորել»:
Խոսելով խոշորացված համայնքների մասին էլ ասաց`խոշորացված համայնքները չգիտեն ինչի՞ համար են մյուսին միացել, իրենց հետ ի՞նչ ռեսուրս են բերել: Նա խնդիր է համարում նաեւ նոր բիզնեսների խտությունը 1000 աշխատունակ բնակչության դեպքում. «ՀՀ-ում առանձնապես աչքի չի ընկնում բիզնեսով զբաղվելու ձգտումը: ՓՄՁ-ները համայքներում միջինը գտնվում են 1%-ի սահմանում, ինչը զավեշտական թվեր են ստացվում, եթե հաշվարկում ես ՀՆԱ-ի հաշվին»: Կա նաեւ աշխատանքի ներգրավվածության խնդիր. տարեկան շուրջ 30 000 բնակիչ մեկնում է միգրացիոն աշխատանքի: Ըստ Գագիկ Մակարյանի, նաեւ տուրիզմի զարգացումը կխթանի համայնքների զարգացումը, բայց պետք է հասկանալ, թե ինչի՞ վրա դնել շեշտը:

Այլ մանրամասները`տեսանյութում
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին հետաքրքրում է`քննարկված հարցերի լուծումներն ինչպե՞ս ենք տեսնելու:
Տարածքային զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանն ասում է`եթե ավագանին բախվելու է անտարբեր բնակչին, արդյունք չենք ունենա. «Համայնքապետը 1,5 միլիարդանոց մշակույթի տուն է կառուցում, երբ համայնքն ունի ոռոգման ջրի խնդիր: Հարցնում ես, ասում է`բնակիչները դա են ուզում»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Խոսրով Հարությունյանը համամիտ չէ փոխնախարարի շատ դիտարկումների հետ: Ասում է` ավագանիների մոտիվացիան պետք է փոխվի: Օրինակ է բերում խոշոր քաղաքները եւ քաղաքական ակտիվությունը համայնքային կառավարման ոլորտում. «Թող գան ուժեղ քաղաքական ուժեր եւ աշխատեն: Դրա համար պետք է խոշորացման գնալ»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































