Այսօր «Հոդված 3» ակումբում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության թեմայով քննարկման ժամանակ Մոսկվայի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ Լավրովի հայտարարությունն այսպիսի աժիոտաժ է առաջացրել, որովհետեւ մինչ այս, ինչ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, ՌԴ պաշտոնական դեմքերը որեւէ կոշտ գնահատական չէին տվել. «Այո, քաղաքագետները, լրագրողները որոշակի գնահատականներ տալիս էին, համեմատում էին Ուկրաինայի դեպքերի հետ, բայց դա պաշտոնական մոտեցում չէր: Պաշտոնական մոտեցումը շատ փափուկ էր, հայտարարություններ եղան, որ ՌԴ-ն պատրաստ է աշխատել նոր իշխանությունների հետ: Հետո կոնկրետ գործընթացներ եղան, Փաշինյանն ու Պուտինը երկու անգամ հանդիպեցին, Ռուսաստան այցելեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Մնացականյանը ու ահա եղավ Լավրովի հայտարարությունը: Խնդիրն այն չէ, թե Մոսկվան համերաշխությունից ելնելով պաշտպանում է: Վերջին շրջանում ես Քոչարյանի գործի հետ կապված մեկնաբանություններ եմ անում ու հաճախ ընդդիմախոսներս ասում են՝ դուք նրան պաշտպանում եք: Ես փաստաբան չեմ: Ինչը կարող է այս իրավիճակում մտահոգել, բնավ ոչ Քոչարյանի անձնական ճակատագիրը, այլ այն, թե ինչ արտաքին քաղաքական օրակարգ կձեւավորի Հայաստանը, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, շատ կարեւոր է Կովկասում ՌԴ-ի համար: Եվ այն, ինչն անհանգստացնում է ՌԴ-ին, այն է, որ Հայաստանի իշխանությունները հեղափոխական ճանապարհով փորձում են քանդել, կտրել նախորդ իշխանությունների հետ կապը եւ դրանով խախտել շարունակականության սկզբունքը: Սա բավական վտանգավոր է»:


Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը՝ Մարկոդոնովն ասաց. «Ես Լավրովի խոսքում չտեսա ձեր ներքին գործերին խառնվել, նա չէր ասում՝ ազատ արձակեք Քոչարյանին, նա խոսում էր խառնաշփոթի մասին: Դա մտահոգություն էր: Դասական դիվանագիտությունը ենթադրում է համաձայնություններ ու պայմանավորվածություններ: Այդ ժամանակ պետք է բանակցել, ոչ թե հրապարակային ձեւով արձագանքելով՝ խորացնել պրոբլեմները, որը երկու կողմերի շահերից չի բխում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































