Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՅԴ-ն հանրային քննարկման ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը խոսեց ստեղծված արժեքի արդար բաշխման, հավասարության մասին:
Քննարկման մասնակիցներից մեկը՝ Վաչագան Մադոյանը հիշեցրեց՝ ՀՅԴ նախկին ծրագրում խոստացել էիք շքեղության հարկ սահմանել, բայց իշխանության մեջ լինելով՝ անդրադարձ չարեցիք այդ հարցին, արդյոք նպատակահարմա՞ր չէր, չէ՞ որ դա կլիներ արդարության առաջին ծիծեռնակը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Հարկային բարեփոխումների կարեւորագույն հարցերից մեկը այս ոլորտն է: Պերճանք, ճոխություն արտահայտության տակ պետք է հասկանալ գույք: Հետեւաբար գույյքահարկի նոր համակարգի մասին է խոսքը, ընդ որում, դա պետք է բավարարի ու ապահովի ոչ միայն սոցիալական արդարությունը, այլ նաեւ պետք է նպատակ ունենա խթանելու, որպեսզի անձինք նաեւ չխուսափեն հետագայում տարբեր անուններով վերաձեւակերպել գույքը, այլ առարկայական լինի»:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ հակամենաշնորհային պայքարի դեմ երբ խոսում ենք, մի քանի մեթոդներ ենք առաջարկում, օրինակ, համարժեք փոխհատուցում հակամրցակցային վարքագծի համար. «Եթե հիմա համեմատում ենք տուգանքը կատարած հանցանքի հետ, տեսնում ենք, որ ինքը ընդամենը փոքր ծախս է անում, ոճիրը եւ պատիժը պետք է համարժեք լինեն իրար հետ, այստեղ պետք է լինի նաեւ դիմացինի հասցված վնասի փոխհատուցման խնդիրը, մենակ էն չի, որ ճերմակ ագռավի տեղ սպիտակ ագռավ ես բերում, նմանեցնում ես, կողքինիդ վնաս ես հասցնում, ասում ես՝ դե լավ, 50 հազար դրամ է, կամ 500 հազար դրամ է, վճարի գնա ու հակամրցակցային վարքագծի շնորհիվ քո շահույթը միլիարդների է հասնում»:
Մասնակիցներից մեկն էլ հարցրեց՝ «Ով ուզում է ներդրում անի՝ ապահովություն է ուզում: Մի երկրում, որտեղ պատերազմի վտանգ կա, շրջափակում կա, արդյոք պետք չէ՞ պետական ապահովագրություն արտասահմանից եկած ներդրողների համար»:
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Ավետիս Թադեւոսյանը պատասխանեց՝ պատերազմի՞ց ապահովագրենք: Նա նշեց, որ պետությունը պետք է փաթեթ ունենա առաջարկելու եւ դրա ընթացքը հսկելու: Պատերազմի ռիսկը կա, տնտեսական քաղաքական ամենատարբեր ռիսկերը կան. «Աճի բեւեռերը զարգացնելու համար պետությունը պետք է ունենա փաթեթային աջակցություն»:
Իսկ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց. «Ներկայումս նախագիծ կա՝ օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին, բանակցություններ են տարվում ՀԲ-ի, միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելու ներդրումների ապահովագրման համակարգ թե՛ պատերազմական եւ թե՛ այլ ռիսկերից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































