Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, ինչպես տեղեկացրել ենք, չկայացավ:
«Պրիվետ, Ռոբ» ցույցի մասնակիցների հետ ասուլիսի սրահում պառկած դիրքով իր բողոքն էր արտահայտում ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա ասաց, որ «Ռոբերտ Քոչարյանն իմ հարազատներից 10-ին դրել է հողի տակ, թող գա, իր բացատրությունը տա, ես չեմ խանգարելու, թող էդ փաստաբանները գան ու իրենց բացատրությունները տան, որ իմ հարազատներից տասի մարդասպանը անձեռնմխելի է: Թող փաստաբանները ասուլիս տան, ես իրենց չեմ խանգարելու»:


Հարցին՝ Քոչարյանը հայտարարում էր քաղաքական դաշտ վերադառնալու մասին, դուք նրան որպես գործոն տեսնո՞ւմ եք ՀՀ քաղաքական դաշտում՝ Ադամյանը պատասխանեց. «Իհարկե, ես իրեն տեսնում եմ որպես գործոն, բայց արդյոք նա իրավունք ունի՞ վերադառնալու քաղաքական դաշտ՝ ոչ»: Նա ասաց, որ այլ սպասելիքներ ունեին, բայց հանկարծ գալիս են ու ազատ են արձակում: Ադամյանի խոսքով՝ «Սա հուսահատություն չէ, ոչ մի բան էլ չեղավ, դատական համակարգն արեց վերջին հնարավորը՝ մարդասպանին փրկելու: Թող հրապարակեն 0038 գաղտնի հրամանի դեռեւս չգաղտնազերծված մասը եւ գնան արդար դատ ու դատաստանի»:
Մեր հարցին՝ ձեր ներկայությունն այստեղ ինչո՞վ է պայմանավորված, ասելի՞ք ունեիք Ռոբերտ Քոչարյանին՝ նա պատասխանեց. «Ես ունեմ անձնական պահանջ արդարադատության առջեւ կանգնեցնել ցանկացած հանցագործի՝ սկսած մեխի գողից մինչեւ ժողովրդի ձեռքից սահմանադրություն եւ իշխանություն գողացողը: Դա է ինձ բերել այստեղ, այդպիսի երկիր, որտեղ ոչ մեկը պատասխան չի տալիս, ինձ պետք չէ»:
Մեր հարցին՝ այսինքն, ասուլիսը տապալելու մտադրություն չե՞ք ունեցել՝ Աշոտ Ադամյանը պատասխանեց. «Դուք խոսում եք տապալել, ո՞վ է տապալել, եկեք նայենք, թե ով ինչ է տապալել, այնուհետեւ խոսենք, թե այս մարդիկ, որոնք շահագրգիռ, իրենց երկրի ճակատագրով հետաքրքրված ինչու են եկել: Էդ ո՞վ է տապալել, տեղի ունեցավ շատ նորմալ, մարդու իրավունքների սահմաններում, յուրաքանչյուրիս զգացականի դրսեւորում: Թող գնա ընդհատակ, այնտեղից խոսի, կամ ինչ-որ մի տեղ, որտեղից կարող է խոսել, սիրով չէ, տհաճությամբ կլսենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































