Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելուց հետո շրջանառության մեջ դրվեց մի ցուցակ, թե ովքեր են ցուցարարներն ու ինչ կապ ունեն ներկա իշխանության հետ:
Ցուցակում է հայտնվել նաեւ ՀՀ ոստիկանապետի հասարակական խորհրդի անդամ, Հնչակյան կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանի անունը: Ըստ ցուցակի, Մկրտչյանը ոստիկանապետի խորհրդական է նշանակվել՝ Օսիպյանի ոստիկանապետ դառնալուց հետո:

Հարցին՝ ձեր դեպքում շահարկվում է այն, որ ոստիկանությունում պաշտոն եք ստացել՝ Փաշինյանի իշխանության օրոք, հետեւաբար կապ ունեք իշխանությունների հետ, մեկ ուրիշի պարագայում շահարկում են այն, որ Արարատ Միրզոյանի հետ նկար ունի, ի՞նչ կասեք այս մասին՝ Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Ծիծաղելի է։ Ես ոստիկանապետի հասարակական խորհրդի անդամ եմ, եթե դա բարձր պաշտոն է, թող ասեն, իմանանք։ Իրենք մեր մասին կարող են ասել, որ այսինչ պաշտոնյայի հետ կապ ունես, կամ նկար, իսկ մենք կարող ենք ասել, թե իրենք որ ժամանակին պետությանը որքան վտանգ են տվել, ժողովրդին որքան են ցավ պատճառել եւ այլն։ Երեկ իրենք մեր «սև ցուցակը» գցեցին շրջանառության մեջ, իսկ եթե ժողովուրդն էլ իրենց «սև ցուցակները» գցի մամուլ, կամ օրինակ Քոչարյանի տարիների քաղաքական սպանությունների ցուցակը գցի, ի՞նչ են անելու։ Եթե մենք մի գրամ վնաս տված լինեինք պետությանը, հավատացեք աչքներս կմտցնեին, կամ շանտաժ կանեին որ փողոց դուրս չգայինք երեկ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































