Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլբենկյանների՝ Գերմանիայում բնակվող մեծահարուստ թոռի նվերը հայ տարեցներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 19,2018 16:01

Երեկ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում պաշտոնապես բացվեց «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների տունը»։ Այն 4000 քառ. մետր տարածք է զբաղեցնում, ունի երեք մասնաշենքեր, նախատեսված է 27 տարեցների համար։

Գերժամանակակից, կոմունալ բոլոր հարմարություններով, բնական փայտից սարքված կահույքով ծերերի տունը հիմնադրվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով։ Ալբերտ Սեվինսը Վորտիկ Գյուլբենկյանի թոռն  է, նրա դստեր զավակը, հայտնի ճարտարապետ: Իսկ Վոլտրիկ Գյուլբենկյանը ճանաչված հայ գործարար Գալուստ Գյուլբենկյանի հորեղբոր որդին էր։

Երեկ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին թվով 300 հյուրեր, այդ թվում նաև դիվանագետներ Եվրոպայի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Թուրքիայից, ներկա էր նաև Հրանտ Դինքի կինը՝ տիկին Ռաքելը, Գյուլբենկյանների ժառանգները։

Կառույցը օրհնեց Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Սրբազանը նշեց, որ Գյումրին ևս ունի տարեցների տուն, սակայն այն նորություն էր Ախուրյանի տարածաշրջանի համար, հատկապես որ կառուցվել է Ալագյազի փեշերին։ Նա իր շնորհակալությունը հայտնեց Ալբերտ Սեվինսին, որն իր խնայողությունների հաշվին բազմաթիվ բարեգործություններ է անում։

«Կենտրոնը Վորտիկ Գյուլբենկյանի անունն է կրում, ինքնըստինքյան հասկանալի է՝ Գյուլբենկյանի մեծ գերդաստանի ժառանգներն են այս մարդիկ, մեր հայրենակիցները, որոնք հայրենասիրության լավագույն արտահայտությունն այս կերպ են դրսևորում՝ Մայր Հայրենիքը զորացնել, Մայր Հայրենիքում հային զորացնել, որպեսզի զորանա Հայաստանը։ Հայաստանի զորացումը պայմանավորված է  յուրաքանչյուր հայի ազգային ինքնությամբ, գիտակցությամբ և սիրով առ հայրենիք։ Այս սիրո արտահայտությունն է, որ դրսևորվում է բարեգործությամբ, բարեգործությունն Աստվածային շնորհ է», -ասաց Սեպուհ Սրբազանը։

«Վորտիկ Գյուլբենկյան տարեցների տանը» կարող են բնակություն հաստատել ոչ միայն Շիրակի մարզից, այլև հանրապետության այլ մարզերից՝  չափորոշիչներին համապատասխանելու դեպքում:  Իսկ Շիրակի մարզից, հատկապես Գյումրի քաղաքից նախապատվությունը կտրվի տնակներում բնակվող միայնակ տարեցներին, անկախ նրանից ժառանգ ունեն, թե՝ ոչ, քանզի գաղափարի հիմնական նպատակն է ևս մեկ տնակից քաղաքն ազատելը:

Տարեցների տունն արդեն ունի 8 բնակիչներ։ Նրանցից մեկը՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին հաշվապահ Անահիտ Թովմասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր տունը վաճառել էր, գնացել էր Ռուսաստան, սակայն չի կարողացել ապրել ռուսների մեջ, վերադարձել էր հայրենիք՝ անտուն մնալով։ « Մեր մանկավարժական ինստիտուտի կողքի շենքերից մեկում վարձով էի ապրում, բայց էլ չէի կարող վարձ տալ, եկա այստեղ»,-պատմում է տիկին Անահիտը, որը իր հետ տարեցների տուն էր բերել «պապական սուրբը»։

Նրանցից մեկն էլ՝ տիկին Մարիետան ասաց, որ ապրիլի 20-ին է եկել այստեղ բնակության, իր որդին Ռուսաստանում է, վատ վիճակում։ Ինքն էլ, լինելով թոշակառու,  15 տարով վարձով էր բնակվում, այլևս անհնար էր գոյատևելը։ «Եկա այստեղ, հաճելի, հոգսից հեռու, երջանիկ ու խաղաղ ապրելակերպ են ապահովել։ Կոմունալ բոլոր հարմարությունները կան, երեք անգամ սնունդ են տալիս», -ասաց մեր զրուցակիցը։

Կանանցից մեկն էլ՝ Ջուլիետա Միքայելյանը Հացիկ գյուղից է, նա պատմեց, որ բնակվում էր տնակում, որդին մահացել է, մնացել էր մենակ, գյուղապետն էլ իրեն առաջարկել է տեղափոխվել տարեցների տուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031