Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանը հրաժարվեց իր նախաձեռնությունից, որով թափանցիկ էր դառնալու Երեւանի ավագանու աշխատանքը

Սեպտեմբեր 07,2018 15:16

Այսօր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց նախարարության եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ կնքած համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Կազմակերպությունը 194 անդամ երկրներ ունի: ՄԱԿ-ի ՊԳԿ-ի նպատակն է ՀՀ-ում ապահովել բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, կենդանիների առողջությունը, բուսաբուծությունը, կայուն սննդի ապահովությունը, սննդամթերքի անվտանգությունը, աղքատության կրճատումը: ՄԱԿ-ի ՊԳԿ-ն միջազգային փորձագետներ պետք է հավաքի, ձեռք բերի սարքավորումներ իրենց կանոնակարգերի համար, տեխնիկական վերահսկողության համար կազմակերպի այցեր:

Ուշագրավ է, որ հանձնաժողովում այսօր պետք է քննարկվեր «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի նախագիծը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին: Նախագծով պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ Երեւանի ավագանու անդամը պարտավոր է հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին»: Հիմնավորման մեջ էլ Լենա Նազարյանը նշել էր, որ Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում միայն ամրագրված է, որ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երեւանի բնակիչների ընդունելություններին:

Իսկ գործնականում վեճ էր առաջացել հանրության շրջանակներում այն մասին, թե ինչու են Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հրապարակել Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովներից մեկի քննարկմանը ներկայացված նախագծերից մեկի փաստաթղթերը: Լենա Նազարյանը նախագծի հիմնավորման մեջ նշել էր, որ եթե այդ դրույթն ամրագրվի, ավագանու գործունեությունը կդառնա ավելի թափանցիկ, հանրության համար հասանելի:

Մինչդեռ այսօր Լենա Նազարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ հրաժարվում է իր այդ նախագծից եւ նախագիծը հանում է շրջանառությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930