Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ նույն հարցը կա նաեւ նրանց մոտ». Փաշինյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 23:28

Այսօր «Զինուժին» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ռազմական բալանսի մասին՝ դիտարկմանը, որ Ադրբեջանը նավթ, գազ ունի, կարողանում է զենք գնել, ՀՀ-ն չունի՝ ասաց, որ պետությունները շատ ուժեղ ինքնապաշտպանման բնազդ ունեն: Նա ասաց, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախանշաններ ունենք, մեծ ներուժ կա. «Մեզ անհրաժեշտ է նոր պայմաններ ստեղծել՝ տեխնոլոգիական ճեղքում եւ զարգացում ապահովելու համար»:

Հարցին՝ ընդունված է ասել, որ մեր անվտանգության երաշխավորը մեր ռազմական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ը, բայց ՀԱՊԿ-ից արձագանք ոչ միշտ է եղել, մյուս կողմից ՀԱՊԿ անդամը ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ է Բաքվի հետ ու շարունակում է  զենք վաճառել, ինչպե՞ս վարվել այս պարագայում, որ ՀԱՊԿ-ը այն ձեւաչափում գործի, ինչ գրված է գոնե թղթի վրա՝ Փաշինյանը պատասխանեց, որ ընդդիմադիր ժամանակ էլ է ասել, որ մեր դաշնակիցների հետ հստակ պետք է պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որ յուրաքանչյուրն իրենցից իմանա, թե ինչ պարտավորություններ ու ինչ իրավունքներ ունի եւ միմյանց առաջ ինչ պարտավորություններ ու իրավունքներ կան. «Շատերը դա մեկնաբանում էին՝ որպես հակաՀԱՊԿ-ական: Բայց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ նույն հարցը կա նաեւ նրանց մոտ: Սա մի գործնական խնդիր է, որը մենք պետք է լուծենք: Սա հարց է, որը ոչ միայն ՀՀ-ին է վերաբերում: Պետք է արձանագրել պրոբլեմի գոյությունը եւ համբերատար դաշնակցային մթնոլորտում ու տրամաբանության մեջ քննարկենք հարցերը, որ մենք իմանանք, թե ինչ պարտականություններ ունի ՀԱՊԿ-ը մեր՝ ՀՀ-ի առաջ եւ ինչ պարտավորություններ ունի ՀՀ-ն՝ ՀԱՊԿ-ի ու նրա անդամ երկրների առաջ»:

Փաշինյանը նաեւ նշեց, թե ինչ են խոսել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. «Իհարկե, գաղտնիք չկա, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ առաջին շփումների ժամանակ ես մեր մտահոգությունները փոխանցել եմ ու ընդհանրապես ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենք-զինամթերքի առեւտուր են անում ու դա մեզ անհանգստացնում է: Այդ խնդիրները շարունակում են լինել մեր օրակարգում: Քննարկումների նպատակը ոչ թե վնասելն է ՀԱՊԿ-ին, այլ ընդհակառակը՝ ուժեղացնել այդ կազմակերպությունը, որովհետեւ ՀԱՊԿ-ը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը բառիս բուն իմաստով լինի ՀԱՊԿ: Մենք այստեղ հստակ խնդիր ունենք լուծելու, դա մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է եւ կարծում եմ, որ մեր աշխատանքը պետք է միտված լինի հենց դրան, որովհետեւ այդ կազմակերպությունը ստեղծվել է ինչպես մեր, այնպես էլ մյուս երկրների ավտանգության մակարդակը բարձրացնելու»:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում խոսակցություններին, որ ՀԱՊԿ անդամ դառնալու ցանկություն ունի Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ն ունի բոլոր լծակները՝ դա թույլ չտալու, առնվազն ղարաբաղյան հարցի տեւական, կյանքով ապացուցված կարգավորում քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ, ՀՀ որեւէ քաղաքացի, որեւէ կառավարությունից չի կարող այլ կարծիք հայտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930