Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն մենք ժառանգել ենք հայ-ռուսական վատ հարաբերությունները նախորդ կառավարությունից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 23:49

Այսօր «Զինուժին» տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ սառնություն կա՞ Երեւան-Մոսկվա հարաբերություններում՝ պատասխանեց. «Եթե Ադրբեջանի կողմից ՌԴ-ից մեծածավալ զենք գնելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու փաստ են, ուրեմն մենք ժառանգել ենք հայ-ռուսական վատ հարաբերությունները նախորդ կառավարությունից, որովհետեւ մինչեւ իմ վարչապետ դառնալը Ադրբեջանը ՌԴ-ից ավելի քան 5 մլրդ դոլարի զենք է գնել»:

Փաշինյանն ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որը ունեցել ենք մինչեւ հեղափոխությունը, դա ամենեւին հարաբերությունների այն ձեւն ու բովանդակությունը չեն, որ բխում են ՀՀ շահերից. «Ես գտնում եմ, որ մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի եղբայրական, շատ ավելի գործընկերային ու դաշնակցային»:

Վարչապետն անդրադարձավ միջազգային մամուլում հայաստանյան հեղափոխության մասին շրջանառվող լուրերին. «Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, տեղի է ունեցել գործնականում ուղիղ եթերում ու ոչ միայն հեղափոխության բուն գործընթացը, այլ իմ քաղաքական գործունեությունը անընդհատ եղել է հրապարակային՝ բոլորի աչքի առաջ: Բացառվում է, որ որեւէ մեկը բերի որեւէ հիմնավորում, ապացույց, փաստ, որ որեւէ արտաքին ուժ, որեւէ ձեւով ներգրաված է  եղել ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական գործընթացների եւ թավշյա հեղափոխության մեջ: Դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում տեղի ունեցածը համարում ենք բացառիկ»: Նա ասաց, որ տարբեր երկրներում այս հարցը չի ստացել վերջնական պատասխան, սա ի վերջո ա՞յն է, ինչ նախկինում ոչ մի տեղի չի ունեցել, թե՞ սա այն է, ինչ տեղի ունեցել է մի քանի տեղերում, ուղղակի մոդիֆիկացված տարբերակն է. «Նույնիսկ եթե այսպիսի հարցեր հնչում են, հարցի պատասխանը շատ արագ կարող են գտնել, այդ հարցերի պատասխանը անառարկելի է, որեւէ մեկը չի կարող բերել դրան հակառակ որեւէ փաստ, հիմնավորում ու որեւէ ապացույց»:

Փաշինյանի խոսքով՝ «Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական մի փոփոխություն, որը բացառիկ է: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ու միջազգային շփումների ընթացքում, երբ զրուցում ենք միջազգային գործընկերների հետ, բոլորը առանց բացառության ասում են՝ դուք պետք է ըմբռնումով մոտենաք, մեզ որոշակի ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում: Սա ինձ բազմիցս ասել են Բրյուսելում, երբ արեւմտյան գործիչների հետ զրուցել եմ: Ասում են՝ համաշխարհային ոչ մի վերլուծական կենտրոն, ոչ մի հատուկ ծառայություն չի կանխատեսել, որ այսպիսի բան կարող էր տեղի ունենալ:Սա ասում եմ ՌԴ-ին վերաբերող հարցի կապակցությամբ, որովհետեւ իմ կարծիքով ՌԴ եւ ՀՀ ղեկավարների մակարդակով չկա թյուրըմբռնում, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում: ՌԴ նախագահի հետ շփման մեր առաջին րոպեներից ես հարկ եմ համարել, որ ՌԴ նախագահը մանրամասնորեն ունենա տեղեկատվություն ՀՀ-ում կատարվածի ողջ կոնտեքստի համար, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական մամուլում ու ռուսական քաղաքական շրջանակներում անընդհատ այդ թեզը տարվում է, որ այնուամենայնիվ, շատ հնարավոր է, որ սա այն չէ, ինչ ներկայացնում են մեր գործընկերները: Մեր մոտեցումը շատ հստակ է, ինչպես Արեւմուտքում գործող գործիչների, այնպես էլ ՌԴ-ի համար շատ բնական ենք համարոմ, որ նրանց ժամանակ է պետք գնահատելու համար, թե ինչ է  տեղի ունեցել ՀՀ-ում: Մենք համբերատար, առանց որեւէ վերապահման կաջակցենք մեր գործընկերներին, որ նրանք հավաստիանան մեր գործողությունների անկեղծության եւ ազնվության մեջ: Սա շատ կարեւոր է: Ինձ համար, որպես ՀՀ վարչապետ, ամենակարեւորը հետեւյալն է՝ ՀՀ-ն պետք  է լինի վստահելի գործընկեր՝ միջազգային հարաբերությունների ասպարեզում: Մեր «այո»-ն «այո» պետք է լինի, «ոչ»-ը՝ ոչ»:

Հարցին՝ մենք գնալու ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների ջերմացմա՞ն ու խորացմա՞նը՝ վարչապետը պատասխանեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումների բովանդակությունը թույլ է տալիս ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն եւ պոզիտիվ զարգացումներ կունենան. «Հիմա այս փուլում, երբ ՌԴ քաղաքական էլիտայի հիմնական մասը, այնուամենայնիվ, վստահ չէ, որ ՀՀ-ում տեղի է ունեցել այն, ինչի մասին ասվում է, նույնը՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մենք այս իրավիճակը պետք է ի գիտություն ընդունենք ու մեր գործողություններով կառուցենք մեր վստահելի գործընկերոջ իմիջը, ես համոզված եմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Փաշինյանը վստահեցրեց՝ «Մեր կառավարության, անձամբ իմ գործողությունները միտված են լինելու մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն, ինչը չի նշանակում, թե մենք չենք զարգացնելու մեր հարաբերությունները ԵՄ-ի, Իրանի,Վրաստանի հետ, բայց այդ հարաբերությունները երբեք մեկը մյուսի հաշվին չի զարգանալու: Իհարկե, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն, մենք հույս ունենք այդ հարաբերություների արդյունավետությունը էականորեն մեծացնել»:

Ռուսական զորքերը ՀՀ-ից դուրս բերելու ու ՆԱՏՕ գնալու խոսակցությունների մասին վարչապետն ասաց. «Ցանկացած իրավիճակ վերլուծելիս հենքը պետք է լինի տվյալ երկրի ազգային շահերը: Եթե հարցին մոտենանք այս տեսանկյունից, ամեն ինչ շատ ավելի պարզ եւ հասկանալի կլինի: Մենք հստակ ձեւակերպեցինք մեր խնդիրը՝ մեր երկրի անվտանգության մակարդակի էականորեն բարձրացումն է ու մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերութունների համատեքստում: Այսօր այդպիսի վերլուծություններ անողները պիտի ապացուցեն ու ասեն, որ ՀՀ անվտանգությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավոր չի կազմակերպել ու հայ –ռուսական դաշնակցային հարաբերությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ՀՀ կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի սպասարկելու հայ ժողովրդի ազգային շահերը, չարաչար սխալվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930