Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուտ պաշտոնի համար, ես դաշինքում չեմ լինի». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 10,2018 12:26

Երեւանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների համար կարող են վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:  Նա չի բացառում, որ այս ընտրություններից հետո, միմյանց դաշնակից եւ գաղափարական ընդհանրություններ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը», խորհրդարանական ընտրություններին մասնակցեն առանձին-առանձին:

Եթե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում միայնակ կարողանա այնքան քվե ստանալ, որ դոմինանտ կարող է լինել, այդ դեպքում ինքն անձամբ դեմ է այդ ուժի հետ նույն դաշինքում լինել. «Զուտ պաշտոնի համար, ես դաշինքում չեմ լինի: Դա իմը չէ»:

Արամ Սարգսյանը չբացառեց, որ նման զարգացման դեպքում, «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» քաղաքական ասպարեզում իրենց ճանապարհը հարթեն «Լույս» դաշինքով:

Հարցին`վերլուծե՞լ են՝ ինչի պատճառով «Ելք» դաշինքը փլուզվեց, Արամ Սարգսյանը պատասխանեց`«Ելքը» չի փլուզվել, խորհրդարանական ձեւաչափով այն դեռ գործում է. «Նոր խորհրդարանում հանդես կգանք «Ելք» դաշինքով, թե ոչ, արդեն ասացի՝ կորոշի ժամանակը: Ակնհայտ իրականություն կա, որ հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ շատ ավելի տարածական, մեծ կուսակցություն, լրիվ ինքնաբավ: Եվ իրենք համարում են, որ իրենց ունեցած կադրերով, մարզերում ունեցած իրենց գրասենյակներով իրենք միայնակ ու ինքնուրույն կարող են ընտրությունների մասնակցել, մեծամասնություն ունենալ ու կառավարություն ձեւավորել: Դա շատ բնական եմ համարում, մենք էլ դրանից հետո հո կուսակցությունները չէինք փակելու, գնայինք տուն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930