«Անտարբերություն է նաև «Արարատ 73»-ի մեր լեգենդների արձանի հանդեպ: Այս հուշարձանը, որն Արարատի լեգենդար մարզիկների համար է տեղադրվել, տեսնում եք՝ հարակից տարածքն անմխիթար վիճակում է»,-«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Տեղեկացնենք՝ այսօր Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավ անցկացրեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում: Մեկնարկը տրվեց «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից:
Զարուհի Փոստանջյանը, հայացք նետելով Ծիծեռնակաբերդին, մտահոգություն հայտնեց. «Այստեղից երևում է նաև Ծիծեռնակաբերդը՝ քաղաքի թոքերը: Տեսնում ենք՝ ինչպես են լանջերը չորացել: Սա անգործության հետևանք է: Մինչդեռ դա դիտավորյալ է արվում: Ոռոգման համակարգը չի գործել Երևանում: Իսկ մենք ոչ թե ուղղակի ծառ ենք տնկելու, այլ ապահովելու ենք ոռոգման համակարգը, որից հետո անցնենք ծառատունկին: Առաջին հերթին պիտի Երևանում վերականգնենք ոռոգման համակարգը: Շուրջ 170 միլիոն դոլարի բյուջեն հնարավոր է այնպես ծախսել, որ մենք վերականգնենք քաղաքի թոքերը, կանաչ տարածքները: Այս վիճակը նշանակում է, որ մենք զբաղվել ենք փողերի լվացմամբ: Ամեն տարի հսկայական գումար է տրամադրվել ծառատունկի համար, մինչդեռ դրանք գնվում, տնկվում, չորանում են, հաջորդ տարի նույն մեթոդով շարունակվում են գնումները»:
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց՝ առաջնային խնդիրներից է աղբահանության լուծման հարցը, բազմաբնակարան բարձրահարկ շենքերի վերանորոգումը, վերելակները ևս կարիք ունեն վերանորոգման: Դրա համար կուսակցությունն առաջարկում է ստեղծել վերելակների գործարան: Նախատեսում են նաև տանիքների արդիականացում, ինչը կհանգեցնի նոր տնտեսական ճյուղի զարգացման, որն այլընտրանքային էներգիայի ներդրումն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































