Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա Շիրակի մարզպետարանի դահլիճում խորհրդակցություն անցկացրեց մարզի տարբեր ոլորտները համակարգող պաշտոնյաների հետ, լսեց համայնքապետերի բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։ Տեղի հարկային ու մաքսային մարմինների պետերից բացի, հանդիպմանը մասնակցում էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը։

«Գյումրին պատմական քաղաք է, շուտով հյուսիս-հարավ ճանապարհը կվերակառուցվի, շատ լավ կլինի, տուրիստների հոսքը Գյումրի այս տարի կրկնապատկվել է այս վիճակում նույնիսկ։ Այնպես որ, ինձ թվում է՝ բյուջեի հետ կապված անպայման պետք է վերանայենք, որովհետև չի կարող Երևան քաղաքն ունենալ 180 միլիոն դոլար բյուջե, Գյումրի քաղաքն ունենա 6 միլիոն բյուջե, որի զգալի մասը նորից հետ ենք փոխանցում եկամտահարկի տեսքով։ Համահարթեցման հետ կապված բանաձևը ճիշտ կանեն փոփոխության ենթարկեն, այդ դեպքում ոչ միայն Գյումրին, այլ բոլոր համայնքները կզարգանան, ասաց Սամվել Բալասանյանը»։
Փոխվարչապետը տուրիզմի զարգացումը որոշ չափով կապեց «Շիրակ» օդանավակայանի շահագործման հետ և տեղեկացրեց, որ օդանավակայանի վերանորոգման և նոր հատվածի կառուցման աշխատանքները քննարկման փուլում են և շուտով ընթացքի մեջ կլինեն։ Նա մեկ անգամ ևս ճշգրտեց Գյումրիին հատկացվող սուբսիդիայի չափը։

Ես հուսով եմ, որ հինգ տարվա կտրվածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Շիրակի բնակիչն էականորեն կզգան իրենց կյանքում, և մենք այդ նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու»։
Մեր հարցին՝ իսկ գնաճի զսպման առումով ի՞նչ գործնական քայլեր եք անում, փոխվարչապետը պատասխանեց, թե գնաճի զսպումը Կենտրոնական բանկի գործառույթն է։ «Գնաճի զսպման առումով կառավարությունն ինքը գործառույթներ՝ որպես այդպիսին, չունի, այնուամենայնիվ դա մեր ուշադրության կենտրոնում է գտնվում։ Ուղղակի մենք պետք է այս տրամաբանությունը ճիշտ հասկանանք․ կառավարության գործունեությունը չի ենթադրում գնաճի կառավարում․ գնաճի կառավարումն, այսպես ասած, Կենտրոնական բանկի գործառույթն է, բայց այնուամենայնիվ մենք ամենօրյա կապի մեջ ենք և փորձում ենք այդ ամենը վերահսկել»։
Տիգրան Ավինյանը խոսեց նաև Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու, «Շիրակ» օդանավակայանում որոշակի ներդրումներ կատարելու, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիրը շարունակել-չշարունակելու մասին։ Այս թեմաներին կանդրադառնանք քիչ անց։

Այնուհետ միջանցքում խորհրդակցության ավարտին սպասող լրագրողներին փորձում էին հրահանգներ իջեցնել՝ ինչպես միջանցքում կանգնեցնել Տիգրան Ավինյանին ու 5-6 րոպեի ընթացքում հասցնել հարցեր ուղղել։ Եվ սա այն դեպքում, երբ լրագրողներին նախապես տեղեկացրել էին, թե մամուլի ասուլիս է լինելու մարզպետարանի դահլիճում: Իհարկե, Տիգրան Ավինյանը մարզպետարանի դահլիճում սիրով պատասխանեց լրագրողների հարցերին, միգուցե և փոխվարչապետը տեղյակ էլ չէր լրագրողների համար ստեղծված խոչընդոտներից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































