Գյումրու քաղաքապետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը հիշում է 1988 թվականի դաժան երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի այցը Գյումրի։
«88-ի երկրաշարժի օրերին մեր մշակույթի նախարարը Մելիք- Օհանջանյան Յուրան էր, ասաց, որ Շառլը գալիս է Լենինական, այդ ժամանակ դեռ Գյումրի չէր քաղաքը, մենք խմբվեցինք, մոտեցանք իրեն «Ամենափրկչի» փլատակների մոտ։ Ես տեսա, որ նրա աչքերից արցունքներ էին հոսում, ու զգացի, որ նյարդային վիճակի մեջ էր՝ անընդհատ գլխարկը դնում է, հետո նորից հանում է, ձեռքերով ճմրթում էր գլխարկը, շոյում էր կողքին կանգնած երեխաների գլուխները, մարդկանց էր փաթաթվում, բառեր էր ասում։ Անելանելի վիճակի մեջ էր, ես զգացի, որ հոգով է տանում այդ ամենը ու սարսափելի ցավ ապրեց երկրաշարժի տարիներին։ Դրանից հետո ես իրենց հետ չեմ եղել, այցելեց հիվանդանոցներ ու սրան հաջորդեցին այն մարդասիրական օգնությունները, որ ինքը հասցրեց աղետի գոտուն՝ Սպիտակնի, մեր քաղաքին, հիվանդանոցներում պառկած երեխաներին։ Ֆրանսիայում կազմակերպեց այդ երեխաների տեղափոխությունը, բուժումը։
89 թվականին էլ մենք գնացինք Ֆրանսիա ժողովրդական նվագարանների համույթով, և ինքը դեսպանատան միջոցով մեզ օգտակար եղավ, տասնյակ արկղերով դեղորայք, հիվանդանոցային պարագաներ ես բերեցի Մոսկվա, իջեցրեցի այն հիվանդանոցային կետերը, որտեղ մեր երեխաներն էին բուժվում, որտեղ մեր ժողովուրդն էր պառկած»,- հիշում է Հասմիկ Կիրակոսյանը։

Տիկին Կիրակոսյանը հիշում է, որ Շառլ Ազնավուրի դուստրերը ևս եկել են հայրիկի արձանը տեսնելու։
«Անձրև օր էր, նրանց ես ուղեկցեցի, ասին՝ մեր պապային կուզենք տեսնալ, ես իրենց տարա, աման՝ ասիգ մեր պապա՞ն է, ու ուշադիր նայում էին, ծաղիկներ դրեցին, ասին, մենք արձանին ենք դնում ծաղիկներ»


Տիկին Կիրակոսյանի բնութագրմամբ, նրա հայասիրական, մարդասիրական գործունեությունն այնքան մեծ էր, որ Մեծն Շանսոնիեն ինչ-որ տեղ զիջում է մարդ-ազգասեր Շառլ Ազնավուրին։
«Ես մտածում եմ, որ Շառլը լիներ ոչ թե 94, այլ 194 տարեկան, էլի արցունքներ կթափվեին հայի ու առհասարակ մարդասեր մարդկանց աչքերից, որովհետև ինքը՝ որպես մարդ, իր փոքրամարմնությունից դուրս էր եկել իր մեծ հոգու շնորհիվ ու դարձել էր աշխարահակալ մարդ», -ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ ՖԲ Գյումրի-Լենինական խմբի



















































