Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ կառավարությունն ուներ բոլոր անհրաժեշտ լծակները, այնուհանդերձ այս ընթացքում ոչինչ չի արել տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայր ձեւավորելու համար. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 09,2018 10:48

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված կառավարությունն ունեցել է բոլոր լծակները տնտեսական ու սոցիալական ոլորտում որոշակի հաջողությունների հասնելու համար։ Սակայն դա չի արվել։ Պատճառը կառավարության գործունեությունն է։

Ժամանակին խոսվում էր կարճ ժամանակահատվածում բյուջեի եկամուտներն աննախադեպ ավելացնելու մասին, որը պիտի թույլ տար բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, լուծել կուտակված սոցիալական խնդիրները։ Կառավարությունը դա չարեց ոչ միայն իշխանափոխությունից հետո, այլեւ չի պատրաստվում անել նաեւ հաջորդ տարվա ընթացքում։ Մինչդեռ խնդիրը ամբողջությամբ իր գործունեության ու իրավասությունների տիրույթում էր։

Ո՞վ էր խանգարում, որ այս ընթացքում քայլեր ձեռնարկվեին տարեսկզբից գործողության մեջ մտած էներգակիրների ակցիզային հարկը նվազեցնելու ուղղությամբ, որի համար մինչեւ կառավարության ղեկավարումը ստանձնելը համառորեն պայքարում էին «Ելք» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այդ փոփոխությունը հանգեցրեց էներգակիրների գների զգալի բարձրացման։

Ժամանակին, իբր թե հասարակության նկատմամբ մտահոգություններից ելնելով, «Ելքը» օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց կառավարությանը՝ առաջարկելով վերադառնալ նախկին դրույքաչափերին։ Այն ժամանակ կառավարությունը դա մերժեց։ Բայց ինչո՞ւ «Ելքն» ու Նիկոլ Փաշինյանը դա չարեցին կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո, եթե այդքան մտահոգված էին։

Ո՞վ էր խանգարում կառավարությանը՝ նվազեցնել հանրային ծառայությունների սակագները, որոնք իշխանության եկած քաղաքական ուժերը ժամանակին համարում էին ուռճացված ու չհիմնավորված։ Մի՞թե հինգ ամիսը բավարար չէր սակագնային հաշվարկներ կատարելու համար։ Եթե հինգ ամսում կառավարությունը չի կարողանում այդպիսի հաշվարկներ կատարել, բնականաբար շատ ավելի դժվար է լինելու դրանց հետ կապված լուծումներ գտնելը։

Ո՞վ էր խանգարում կառավարությանը, որ ազատվեր «կարմիր գծերից» կամ արագաչափերից ու տեսանկարահանող սարքերից։ Իր վարչապետական ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդին տուգանքի օբյեկտ դիտարկելու արատավոր երեւույթի մասին։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Կարմիր գծե՞րն են վերացել, թե՞ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը։ Ավելին՝ նախատեսվում է դրանց թիվը անհամեմատ ավելացնել։

Կառավարությունն այլեւս մոռացել է տուգանքները նվազեցնելու մասին։

Այս ցանկը կարելի է շարունակել։ Սակայն դա էլ բավարար է հասկանալու համար, որ խնդիրը ամենեւին էլ արտահերթ ընտրությունները չեն։

Թեեւ կառավարությունն ուներ բոլոր անհրաժեշտ լծակները, այնուհանդերձ այս ընթացքում ոչինչ չի արել տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայր ձեւավորելու եւ հասարակության սոցիալական վիճակը թեթեւացնելու համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդամենը պատրվակ են հասարակությանը մոլորեցնելու համար, ինչը միակ բանն է, որ առայժմ հաջողությամբ կարողանում են անել կառավարությունն ու վարչապետը:

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031