ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։ ՀՄՄ-ն համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացմանը և աջակցում տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Հոուլին Ժաոն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։ Հյուրերին ընդունել են ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Նրանք նախ շրջել են ընկերության կրթական մասնաշենքում։ Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը ներկայացրել է իրականացվող կրթական ծրագրի մանրամասները։
Հաշվի առնելով պահանջարկի համեմատ աշխատաշուկայում մասնագետների սակավությունը` ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնել դասընթացներ` պատրաստելու միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Հետագայում նրանցից լավագույններն անցնում են աշխատանքի հենց «Սինոփսիս Արմենիա»-ում։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Սինոփսիս»-ի մշակած հատուկ կրթական ծրագիրը ներդրվել է նաև այլ երկրներում։

Այնուհետև հյուրերը ծանոթացել են աշխատանքային պայմաններին։ Արտասահմանցի գործընկերոջը ներկայացվել են ՏՏ ոլորտի այն բարձր պարգևները, որոնց հանձնման գործում ընկերությունը մասնակցություն ունի կամ նախաձեռնող է, ինչպիսին է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար տրվող մրցանակը։
Հայաստանում աշխատելով սկսած 2004 թվականից՝ «Սինոփսիս Արմենիան» շարունակում է մնալ ՏՏ ոլորտի արդյունաբերության առաջատարն ու համապատասխան մասնագետների խոշորագույն գործատուներից մեկը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն


















































