Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից. «Փաստ»

Հոկտեմբեր 19,2018 11:09

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու, ընդ որում՝ զրոյից, այլ ոչ թե վերականգնելով այն, «ինչը երբևէ եղել է»: Այս հայտարարությունն ինքնին ոչ այնքան քաղաքական հայտ է, որքան քաղաքական մեսիջ: Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսպիսով իրենից հեռացնում է դաշտում գործող կամ գործած բոլոր կուսակցություններին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ փաստացի այդ կուսակցություններին ապահովագրում է իր անվան հետ կապելուց: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին ՀՀԿ–ի մասին է, քանի որ մյուս ուժի՝ ՀՅԴ–ի մասին հազիվ թե ճիշտ է օգտագործել «վերականգնել» բառը: Հաշվի առնելով, որ ՀՀԿ–ի որոշակի հատվածի հետ կապված անընդհատ շրջանառվում էր Քոչարյանի անունը, այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից:

Ավելին, ըստ էության հայտարարում է, որ ՀՀԿ–ն իրականում չկա: Թե ում է ավելի ձեռնտու այս տարանջատումը, ով է իրականում ումից մաքրվում, չափազանց հարաբերական է, քանզի թե՛ Քոչարյանի, թե՛ ՀՀԿ–ի ռեյտինգն այսօր աննկարագրելի ցածր է, եթե նուրբ արտահայտվենք: Ոչ պակաս հետաքրքիր է Քոչարյանի հաջորդ ձևակերպումը. «Ոմանք, իհարկե, պետք է լինեն հին թիմից՝ մարդիկ, որոնց ճանաչում ես և որոնց հետ աշխատել ես: Սակայն, ի վերջո, անհրաժեշտ է հիմնվել նոր սերնդի վրա, ինչը հեշտ չէ և ժամանակ է պահանջում»: Այստեղ առկա է միանգամից երկու մեսիջ: Նախ, այսպիսով փաստացի ակնարկում է, որ դեռևս լուրջ ազդեցություն ունի «հների» նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ– ականների ու ՀՀԿ–ից վերջերս հեռացածների, մյուս կողմից փորձ է անում ցույց տալ, որ ինքը նաև երիտասարդության շրջանում ունի աջակիցներ: Առաջին կետի հետ կապված առանձնապես քննարկելու թեմա էլ չկա, իսկ թե որքանով է Քոչարյանը իրավացի երկրորդ մասով, ժամանակը ցույց կտա: Առավել ևս, որ ակնհայտորեն նա չի հասցնի մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչի մասին, ի դեպ, հենց ինքն էր ասել օրեր առաջ:

Քոչարյանի հայտարարության ֆոնին ուշագրավ է նախկին պատգամով Լյովա Խաչատրյանի թիմալքությունն ու հայտարարությունը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Դժվար է ասել՝ արդյոք խոսքը տարբեր ուժեր ստեղծելու մասի՞ն է, թե՞ ի վերջո նույն դաշտի շուրջ է խոսակցությունը: Ավելի հավանական է, որ տարբեր կուսակցությունների մասին լինի խոսքը՝ հաշվի առնելով Լյովա Խաչատրյանի հետ միասին այդ նոր ստեղծվող ուժի շուրջ շրջանառվող անուններն ու դրանց առնչակցությունը այլ, հատկապես ֆինանսապես առավել «թափով» անձանց հետ:

Վերջապես, դարձյալ վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ենթադրելի է, որ ՀՀԿ–ում ի վերջո կհաղթի առավել պրագմատիկ ու գաղափարական թևը, որը հակված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031