Հայրենի բռնցքամարտում առկա դիմակայությունը նոր դրսեւորումներ է ստանում: Երեկ դա արտահայտվեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունից դժգոհող ընդդիմախոսների՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մոտ կազմակերպած բողոքի գործողությամբ: Ցուցարարներն էին վերջերս ստեղծված բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի անդամները, որոնք սպորտի պետական կառույցից պահանջում էին նպաստել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Մարզաձեւում ծավալված իրադարձություններին դեռեւս չտիրապետող ընթերցողներին տեղեկացնելու եւ հետագա շարադրումն ընկալելի դարձնելու համար նշենք, որ հայկական բռնցքամարտում առաջացած պառակտման արդյունքում երկրում ձեւավորվել է երկու ֆեդերացիա: Ըստ էության, դրանք հակոտնյա կազմակերպություններ են, որոնք հանդես են գալիս տարբեր դիրքերից եւ բացարձակապես չեն ընդունում իրար: Հատկանշական է, որ կողմերը պարբերաբար բողոքի գործողություններ են իրականացնում միմյանց դեմ, եւ սա առաջինը չէր սպորտի նախարարությունում: Ավելի վաղ, նման քայլի էին դիմել նաեւ ՀԲՖ-ին աջակցող մարզիչները: Թերեւս այսքանը նախնական պատկերացում կազմելու համար:
Անդրադառնանք նախօրեի իրադարձությանը. ցույցի ակտիվ մասնակիցներից էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Հայաստանի տղամարդկանց ազգային եւ աղջիկների հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Նրանց հիմնական պահանջներից է՝ նախաձեռնել եւ անցկացնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի արդար ընտրություններ, քանի որ այս տարվա օգոստոսի 2-ին տեղի ունեցած ընտրություններն, ըստ իրենց, ուղեկցվել են աղաղակող խախտումներով: Իրենց ձայնը լսելի դարձնելու համար պաստառներով զինված գործողության մասնակիցները չխորշեցին նույնիսկ նախարարությանը հարակից Աբովյան փողոցը կարճ ժամանակով արգելափակելուց: Միայն դրանից հետո նրանց հետ հանդիպման եկավ օրեր առաջ նախարարի պաշտոնը ստանձնած Գաբրիել Ղազարյանը:
Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես նշեց, որ այս միջոցը խնդիրը լուծելու լավագույն տարբերակը չէ: «Խնդիրը պետք է լուծվի ընդհանուր սեղանի շուրջ: Հասկանում եմ բոլորի անհանգստությունը: Սա լուծում չէ, եկեք նստենք եւ քննարկենք: Առաջարկում եմ, որ երկու կողմերն էլ լսեն իրար: Իսկ այսպես տուժում է բռնցքամարտը, մարզիկները եւ ընդհանրապես մարզաշխարհը: Երկու կողմն էլ պետք է լսելու ունակություն ունենան: Խոստանում եմ անմիջապես քննարկում կազմակերպել եւ վերջապես լուծում տալ մեր բռնցքամարտում առաջացած այս խնդրին: Ամեն ինչ պետք է ընթանա հանգիստ եւ առանց բախումների»,- ընդգծեց նախարարը:
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում


















































