Օրերս «Առավոտը» հրապարակել էր համաներում շնորհելու մասին օրենքի նախագծից որոշ հատվածներ:
Հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի: Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»:
Հայտնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրեթե չի եղել եւ ոչ մի համաներում, որի վերաբերյալ նախապես արտահոսք եղած չլինի: Եվ «Առավոտն» այն ժամանակ էլ ուներ համաներման մշակվող տեքստը: Որպես ապացույց, որ նման փաստաթուղթ եղել է՝ հրապարակում ենք նախագծի էջերի լուսապատճենները:

Հրապարակում ենք այս փաստաթղթի լուսապատճենը, որը կից հիմնավորումներով՝ արդեն ուղարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողով:

































































