Այսօր Գյումրու Խանջյան փողոցում՝ Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել են երեք մեքենաներ՝ «Գազ 2410», «Mitsubishi Gnards» և «Ford Transit»-ի մակնիշների, որի պատճառով տեղում մահացել է «Գազ 2410» մակնիշի ուղևորուհին՝ 1941 թվականին ծնված Արուսյակ Միհրանի Մկրտչյանը։
«Mitsubishi Gnards»-ի վարորդն էլ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, սակայն, ինչպես տեղեկացրեց փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, հետազոտվել ու հեռացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 242 հոդվածի՝ 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացանք դատախազության լրատվական ծառայությունից։ Կատարվում է նախաքննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական օրենսգրքի 242 հոդվածը, որը կոչվում է․ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը», սահմանում է
1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































