ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Yerevan Today-ի գործով երկու բողոքները, որոնք վերաբերում էին լրատվամիջոցի տնօրենի եւ նրա հարեւանի բնակարաններում վերջերս կատարված խուզարկություններին: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ էր կատարել՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազանգի գաղտնալսման ձայնագրության՝ մամուլում հրապարակվելու հետ կապված: «Գտնում ենք, որ դատարանը չպետք է թույլատվություններ տար դրանց կատարման համար, այդ պատճառով բողոքարկում էինք դատարանի այդ որոշումները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Yerevan Today-ի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վերաքննիչի որոշումներն առաջիկայում բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:
Այսօրվա նիստում փաստաբանը նաեւ դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը եւս մերժվել է: Որոշումները դեռ չեն տրվել փաստաբանին: Առաջիկա օրերին՝ դրանց ստացումից ու ուսումնասիրությունից հետո, Ֆերոյանը մտադիր է դրանք բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































